Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում, կռվախնձորը տնօրենի պաշտոնն է

Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում, այսօր կլրանա 4-րդ օրը, ինչ դասադուլ և գործադուլ է հայտարարվել քոլեջում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Գործադուլավորներն ասում են` կառավարությունն իրենց համար անընդունելի որոշում է կայացրել։ Բանն այն է, որ կառավարության որոշման համաձայն` Գորիսի պետական քոլեջը և Գորիսի գյուղատնտեսական քոլեջը պետք է միաձուլվեն։

Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը թերթին պատմել է որոշումից հետո քոլեջում տիրող տրամադրությունների մասին։

«Կառավարության որոշման համաձայն՝ 2 քոլեջները պետք է միաձուլվեն և ստեղծվի նոր քոլեջ՝ դառնալով Գորիսի պետական բազմագործառութային քոլեջ։ Որոշումը եկավ, շատերը խնդիր չտեսան, սակայն մեկ հարց առաջացավ, թե ով է ղեկավարելու այն։ Ինձ շշուկներ են հասել, որ Գորիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պարտականությունները կատարողի կոլեկտիվում քննարկվել է, որ իրենք են լինելու ստեղծվող քոլեջի ղեկավար կազմը։ Սակայն, ըստ օրենքի, պետք է միավորումից հետո նշանակեն ժամանակավոր պաշտոնակատարի, ապա հայտարարվի մրցույթ։ Մրցույթին էլ ով կհաղթի, թող հաղթի։ Խոսակցություններից հետո դիմեցինք ԿԳՄՍ նախարարին և երկրի ղեկավարին»,- ասել է Լազարյանը։

Նրա խոսքով` խոսակցություններ կան, թե տնօրենի պաշտոնում հավակնություններ ունեցողն ուղիղ հովանավորչություն ունի ՔՊ-ականներից։

«Խոսակցությունները մարզում այնպիսին են, որ այս ամենն իրականացվում է գորիսեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանի և Սյունիքի մարզպետի (Ռոբերտ Ղուկասյան) ձեռամբ։ Իրենք են այսպես ասած երաշխավորել, որ գյուղատնտեսական քոլեջից են լինելու ղեկավար կազմում»,- ասել է Լազարյանը։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ նոր քոլեջի պաշտոնին արդեն իսկ հավակնում է Աննա Տոռոզյան անուն-ազգանունով մեկը, ով ներկայում Գորիսի՝ պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Լազարյանը պատմել է, որ հիշյալ ժ/պ-ի սկեսուրը ևս եղել է տնօրեն, ապա պաշտոնը փոխանցել է հարսին, որն էլ հավակնում է դառնալ Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն։

Քոլեջի դասախոսներին ԿԳՄՍՆ-ից որևէ հստակ պատասխան չեն տվել, թե ով է դառնալու տնօրեն, ու այդ պատճառով էլ հասունացել է անժամանակ գործադուլի գաղափարը։

Գորիսում դասադուլ և գործադուլ անողների պահանջը մեկն է` նոր քոլեջի ղեկավարը ոչ մի կապ չպետք է ունենա ՔՊ-ականների հետ, ո՛չ պատգամավորի, ո՛չ մարզպետի, այլ պետք է լինի անկախ մեկը։

Հարցին, թե գուցե սա Ձեր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, և Ձեր քաղաքական հայացքներն են պատճառը, Լազարյանը պատասխանեել է` գուցե։

Sputnik Արմենիա