ՀՀ-ում կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար

ՀՀ–ում կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել է օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք կներկայացվեն նաև Ազգային ժողովի քննարկմանը։

«Անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը: Միաժամանակ, պրակտիկայում արդեն իսկ առկա են դեպքեր, երբ քաղաքացիները վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով»,– ասված է որոշման նախագծի մեջ:

Այսպիսի վարքագիծը կանխելու նպատակով ՊՆ–ն անհրաժեշտ է համարել խստացնել նման միջոցներով վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը:

Ըստ այդմ` վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով՝ աշխատավարձի առավելագույնը քսանապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով:

Եթե վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով, պատժվում է ազատազրկմամբ` 2–5 տարի ժամկետով:

Անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայանա և ներգրավվի վարժական հավաքին:

Որոշման մեջ նշվում է, որ քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր և զորահավաքային զորակոչերի, պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպվող վարժական հավաքների և զորավարժությունների (զորախաղերի) կազմակերպման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կնախատեսվի ռազմական ոստիկանության աջակցության ցուցաբերումը զինվորական կոմիսարիատներին:

Sputnik Արմենիա