ՀՀ-ում վարորդը կունենա թվային վկայական. պլաստիկ քարտ չունենալը տուգանք չի առաջացնի
ՀՀ–ում վարորդը բացի պլաստիկ տարբերակից կունենա թվային վկայական. պլաստիկ քարտ չունենալը տուգանք չի առաջացնի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ մեքենայի հաշվառման և վարորդական վկայականների թվայնացումը հնարավորություն է տալիս ֆիզիկական, պլաստիկ քարտին զուգահեռ ունենալ նաև էլեկտրոնային, թվային տարբերակով վկայական, որը ՀՀ տարածքում իրավաչափ կհամարվի։
«Պայմանական` սա հետագայում թույլ կտա նաև պարեկային ծառայության կողմից, եթե կա ճանապարհային երթևեկության խախտում ու անձը այդ պահին չունի պլաստիկ քարտ, սակայն կա դրա թվային տարբերակը, որևիցե կերպ չենթարկվել վարչական պատասխանատվության»,– ընդգծեց նախարարը։
Սարգսյանը վստահեցրեց, որ ՀՀ–ում պարեկները տեխնիկապես բավականին զինված են ու կարողանում են անձի դեմքի նույնականացմամբ նրա վարորդական ամբողջ կենսագրությունը թվային հարթակում` պլանշետներում, տեսնել։
Նախարարը տեղեկացրեց, որ նախատեսում են հաշվառման և վարորդական վկայականների թվային տարբերակների դեպքում նաև լրացուցիչ բոնուսներ ապահովել քաղաքացիների համար` տարբեր ծառայություններից օգտվելու դեպքում։
Օրենսդրական այս կանոներրն ուժի մեջ կմտնեն 2025 թ. սեպտեմբերի 1–ից։
Sputnik Արմենիա