ԲՏԱ նախարար․ 2 տարեկան Տիգրանին գտնելու համար տիեզերքից արված լուսանկարներ ենք փնտրում
Մարմարիկում կորած 2-ամյա Տիգրանին գտնելու համար նույնիսկ ուսումնասիրվել են տիեզերքից արված լուսանկարները։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Վերջին 7-8 օրերի ընթացքում ինտենսիվ աշխատանքներ ենք ունեցել երբևէ մեզ հետ համագործակցություն ունեցած կամ անգամ երբևէ չգործակցած շուրջ 2 տասնյակ միջազգային ընկերությունների հետ։ Սակայն տխրությամբ պետք է նշեմ, որ մինչ այս պահը ընկերություններից մեզ հայտնել են, որ այդ տեղանքում արված ամենավերջին լուսանկարները ապրիլի 26-ի են, ինչը բնականաբար ավելի վաղ ժամկետ է, քան դեպքն է տեղի ունեցել»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ աշխատանքները շարունակվում են՝ առանց հույսը կորցնելու։ Չի բացառում, որ այլ ընկերությունների մոտ կարող են գտնվել տվյալ օրվա լուսանկարներ։ Շեշտում է՝ գործադրում են բոլոր հնարավորությունները, անգամ ամենափոքրիկ հույսի հետևից են գնում։
Հիշեցնենք` 2 տարեկան տղա երեխան մայիսի 4–ին Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։
Այդ օրվանից Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, հրշեջ- փրկարարները, պարեկները որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Sputnik Արմենիա