Հնդիկները զանգվածաբար չեղարկում են իրենց արձակուրդները Թուրքիայի և Ադրբեջանի հայտնի հանգստավայրերում
Հնդիկները Նյու Դելիի հետ վերջին հակամարտության ժամանակ Պակիստանին Թուրքիայի և Ադրբեջանի աջակցելուց հետո չեղարկում են այդ երկրների հայտնի հանգստավայրերում իրենց արձակուրդները, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու զբոսաշրջային ընկերություններին։
Հնդկաստանի հարվածներից հետո Իսլամաբադին աջակցության հայտարարություններ են արել Թուրքիան և Ադրբեջանը, որոնք հնդիկների համար հանրաճանաչ բյուջետային հանգստավայրեր են։ «Ադրբեջան և Թուրքիա կատարվող ամրագրումները նվազել են 60%-ով (անցյալ շաբաթվա ընթացքում), միաժամանակ չեղարկումները նույն ժամանակահատվածում աճել են 250%-ով», -հայտնել է MakeMyTrip-ի խոսնակը։
EaseMyTrip-ի գործադիր տնօրեն Ռիկանտ Փիթին հայտնել է, որ «վերջերս ստեղծված աշխարհաքաղաքական լարվածության պատճառով»Թուրքիա չվերթների չեղարկումները աճել են 22%-ով, իսկ Ադրբեջան՝ 30%-ով։
Նա հավելել է, որ ճանապարհորդները տեղափոխվել են Հունաստան, Վրաստան, Սերբիա, Թաիլանդ և Վիետնամ։
Մեկ այլ տոմսերի վաճառքի հարթակ՝ ixigo-ն, ավելի վաղ X-ում գրառման մեջ հայտնել էր, որ դադարեցնում է դեպի Թուրքիա, Ադրբեջան և Չինաստան ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրումները։ EaseMyTrip-ի հիմնադիր և նախագահ Նիշանթ Փիթին X սոցիալական մեդիա հարթակում գրառման մեջ նշել է, որ անցյալ տարի Թուրքիա է այցելել 287 հազար, իսկ Ադրբեջան՝ 243 հազար հնդիկ:
«Երբ այս երկրները բացահայտորեն աջակցում են Պակիստանին, պե՞տք է արդյոք մենք խթանենք նրանց զբոսաշրջությունն ու տնտեսությունը»,- հարցրել է Փիթին։
Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են անցյալ ամիս Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո։
News.am