«Թանգարանների գիշեր»․ ի՞նչ միջոցառումներ են սպասվում Հայաստանում

Հայաստանում մայիսի 17-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կնշեն «Թանգարանների գիշեր»-ը: Այդ օրը Հայաստանի ավելի քան 100 թանգարաններում ժամը 11:00-ից 24:00-ը մուտքն անվճար կլինի քաղաքացիների համար, մայիսի 18-ին ևս քաղաքացիները կարող են անվճար այցելել թանգարաններ հիմնական ցուցադրության ժամերին, տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարությունը:

Ծրագրին այս տարի միացել է Հայաստանի ավելի քան 100 թանգարան:

Այս անգամ Թանգարանների միջազգային օրը կրում է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը՝ ուղենշելով, թե մշակույթային կենտրոններն ինչպես կարող են աջակցել սոցիալ-տեխնոլոգիական և կլիմայական հիմնարար փոփոխությունների ենթարկվող աշխարհին:

Հայաստանի թանգարաններում և մշակութային այլ կենտրոններում բացի հիմնական ցուցադրություններից նաև երաժշտական երեկոներ, կրթական ծրագրեր տեղի կունենան։ Միջոցառումներին և ժամերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով։

Հայաստանի պատմության թանգարանը քաղաքացիների առաջ իր դռները կբացի սկսած ժամը 11։00-ից։ Հիմնական ցուցադրությունից զատ՝ ժամը 20։00-ին տեղի կունենա Համերգային ծրագիր՝ «Կայթ» մշակութային հանգույցի մասնակցությամբ, 21։00-ին կվերաբացվի «Պետականության վերականգնման ուղիներով» մշտական ցուցադրությունը։ Պատմության թանագարանում նաև բարբառներով շրջայց-էքսկուրսիա կլինի՝ «Մեր պատմությունը` մեր բարբառներով» խորագրով։

Հայաստանի ազգային պատկերասրահում հիմնական և ժամանակավոր ցուցադրություններ են նախատեսվում, ժամը 19։00-ին՝ համերգ՝ «ԱՐԱՐ» երգչախմբի մասնակցությամբ։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, ի թիվս այլ ցուցադրությունների, տեղի կունենա «Պատում՝ մեկ իրի Կոմիտաս վարդապետի սրինգը» ժամանակավոր ցուցադրության բացումը, որի ընթացքում կներկայացվեն Կոմիտասի սրինգը (բլուլը) և դրա մասին պատմող նրա ինքնագիր հոդվածը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում քաղաքացիներին կներկայացնեն «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ցուցադրությունը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կոմիտասի տունը» նկարչության բաց դաս, ինչպես նաև համերգ՝ «Գեղարդ» երգեցիկ խմբի և Նոր Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» երգչախմբի հետ համատեղ։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հիմնական ցուցադրությունից բացի կանցկացվի «Արի պեղենք միասին» կրթական ծրագիրը։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում 11։00-ից սկսած ցուցադրություններ, համերգներներ տեղի կունենան, կցուցադրվի «Արամ Խաչատրյան» ֆիլմը։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում Սարյանի 5 նկարների անիմացիայի ներկայացում, ինչպես նաև դասական երաժշտության համերգ կլինի։

Հովհաննես Թումանյանի թանգարանում Թումանյանի հեքիաթների անիմացիաներ կլինեն Արցախի բարբառով, կլինի նաև բացօթյա ցուցադրություն-վաճառք՝ Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի մերձակա այգում։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում նաև ֆլեշմոբ և ինստալացիոն ցուցադրություն է սպասվում՝ «Հնար» արվեստի աշխատարանի սաների մասնակցությամբ։

Երվանդ Քոչարի թանգարանում Քոչարի սեղմումով գործերի, ինչպես նաև «Մարդ-քաղաք» շարքի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված ինստալյացիաների, գեղարվեստափիլիսոփայական մտորումների վիդեո-աուդիո ներկայացում կլինի։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրություններից բացի երեք սուզորդների հարթակում տեղի կունենա «Հող Արթուն» էթնո-էլեկտրո նախագծի բացօթյա համերգը։

«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից:

Armenia Today