ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվել են գերիներ փոխանակել «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով
Ստամբուլում կազմակերպված բանակցությունների ժամանակ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով գերիների փոխանակում իրականացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ինչպես տեղեկացնում է RT–ն, այս մասին հայտնել է ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ստամբուլում մեկնարկել են ռուս–ուկրաինական բանակցությունները, որոնց ներկա է նաև թուրքական կողմը։
Ումերովը նշել է, որ ուկրաինական կողմը բանակցությունների ժամանակ նախևառաջ հրադադարի հարցն է քննարկել և բարձրացրել է երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում անցկացնելու հարցը։
Ումերովը խոստացել է բանակցությունների հաջորդ փուլի օրակարգի մասին հայտնել առաջիկայում։
ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունները սկսվել են 13:37-ին (Մոսկվայում և Թուրքիայում ժամերը համընկնում են): Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրա կազմում են նաևՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։
Sputnik Արմենիա