Ռուբեն Վարդանյանը պապիկ է դարձել, բայց թոռնուհուն դեռ չի տեսել
Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը պապիկ է դարձել, բայց մինչև հիմա թոռնուհուն տեսնելու հնարավորություն չի ունեցել։ GBnews հետ հարցազրույցում այս մասին ասել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը։
Նա պատմել է հոր ապօրինի պահման պայմանների մասին՝ շեշտելով, որ ընտանիքը Վարդանյանի հետ կապ է պահում առանց որոշակի օրինաչափության` առավելագույնը շաբաթը մեկ կամ երկու անգամ մի քանի րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունենում։ Նախկինում նաև հնարավորություն ունեին միջազգային Կարմիր խաչի միջոցով տեսաուղերձներ ուղարկելու, բայց վերջերս հայտարարվեց երկրում Կարմիր խաչի գրասենյակի փակման մասին, ինչն ակնհայտորեն առավել կսահմանափակի շփումը։
«Իմ աղջիկը ծնվել է նրա բանտարկության ժամանակ, ուստի մենք հույս ունենք, որ նա մոտ ապագայում կկարողանա հանդիպել նրան։ Բայց նա դարձավ պապիկ՝ հնարավորություն չունենալով տեսնելու իր թոռնուհուն, ինչը մեզ համար ակնհայտորեն բավականին տխուր է, բայց հուսով ենք, որ ապագայում ամեն ինչ կփոխվի»,- ասել է նա:
Դավիթը նաև քննադատել է միջազգային լրատվամիջոցներին այն բանի համար, որ նրանք աչք են փակում իր հոր պատմության նման դեպքերի վրա:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա