ՀԵՆՑ ՄԻ ԾԱՎԱԼ ԱՎԵԼԱՑԱՎ, ԿԱՌՈՒՅՑԸ ԿՄԱՀԱՆԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կասկադի հեղինակ-ճարտարապետը՝ նոր նախագծի մասին

Կասկադի վերակառուցման ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 5 տարիների ընթացքում, որից հետո այն փոխանցվելու է Երևանին՝ որպես համայնքային սեփականություն։

Կասկադը ճարտարապետական առումով նմանը չունեցող, յուրահատուկ կառույց է, որը հեղինակել են ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանն ու Ասլան Մխիթարյանը։

«Այսօր մեր նպատակն է, որ շարունակենք այն, ինչ ստեղծել են Մոմիկը, Կոմիտասը, Թամանյանը, և հենց Ջիմ Թորոսյանն ու Սարգիս Գուրզադյանը, ունենալ հայերեն, ազգային շինարարություն»,- ասում է Ասլան Մխիթարյանը` Կասկադի երեք ճարտարապետներից միակը, որ ողջ է։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Մխիթարյանի հետ Sputnik Արմենիան զրուցել է Կասկադի հեղինակային նախագծի ստեղծման և վերակառուցման նոր ծրագրի մասին։

 

Ինչո՞ւ ենք խոսում այս մասին

Կասկադի շինարարությունը սկսվել է 1971 թվականին, շարունակվել շուրջ 13 տարի, սակայն ավարտին չի հասցվել 1988-ի ավերիչ երկրաշարժի, ապա նաև Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Այս տարի հայտնի դարձավ, որ Կասկադի վերակառուցման մրցույթում հաղթել է ֆրանսիացի ճարտարապետ Ժան Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզը, և կառուցումն ավարտին է հասցվելու դրանից բխող նախագծի հիման վրա։ Հայաստանի ճարտարապետների պալատի խորհուրդը հայտարարեց, որ ներկայացված նախագիծը խախտում է Կասկադը նախագծած ճարտարապետների հեղինակային իրավունքը, այն մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է և պետք է ավարտին հասցվի բնօրինակ նախագծին համապատասխան։ Քանի որ համահեղինակ 3 ճարտարապետներից մեկը՝ Ասլան Մխիթարյանը ողջ է, պահանջում են նրան ընդգրկել նախագծային աշխատանքներում։

Ձևավորվել է նաև «Ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի» նախաձեռնություն, որի շուրջը համախմբվել են տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետներ՝ թույլ չտալու համար աղավաղել Կասկադը։

Ինչպե՞ս էր կառուցվում Կասկադը

Ասլան Մխիթարյանն ասում է՝ իրեն բախտ վիճակվեց ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո՝ 23 տարեկանում աշխատանքի անցնել Թիմ Թորոսյանի արվեստանոցում և տարբեր նախագծերի աշխատանքներում ներգրավվել։ Հետո Կասկադի հերթն էր, ու 30 տարեկանում ինքը դարձավ Կասկադի գլխավոր ճարտարապետը։

«Ամենասկզբում որպես բարեկարգման ծրագիր էր սկսվում, աստիճանաբար նախագիծը մեծացավ, ուրիշ բան դարձավ, աշխատանքի ծավալը մեծացավ։ Ջիմ Թորոսյանն այդ տարիներին քաղաքի գլխավոր ճարտարապետն էր (1971-1981թթ) ու շատ զբաղված էր (շարունակվում էր մետրոպոլիտենի շինարարությունը, Երևանի քաղաքապետարանի շենքն էր կառուցվում), դրա համար նաև իր ընկերոջը՝ Սարգիս Արամիչին (Գուրզադյան) էր հրավիրել աշխատելու»,- ասում է Մխիթարյանը։

Հիշում է, թե ինչպես էր շինարարությանը զուգահեռ Գրիգոր Խանջյանը ներսում նկարում «Վարդանանքը», Արա Շիրազն արծվի քանդակն էր անում, Արտաշես Հովսեփյանը «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի վրա էր աշխատում։ Ամեն ամիս աշխատանքները ստուգելու էր գալիս ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։

«Նստում էին, քննարկում էին, մեկը մյուսին լրացնում էին, ավելի լավացնում։ Այն ժամանակ հավես կար ու ցանկություն՝ լավ բան անելու, հիմա բիզնես է դարձել, ու այդպես աղավաղեցին քաղաքի տեսքը»,- նշում է Մխիթարյանը։

Ասում է՝ Լենինգրադից (ներկայում Սանկտ Պետերբորգ) հատուկ մեծ շարժասանդուղքներ էին պատվիրել Կասկադի ստորին հատվածից մինչև հուշարձան մարդկանց հասցնելու համար։ 1980 թվականին Խորհրդային Միությունում անցկացվում էին Օլիմպիական խաղերը, ու բոլոր ֆինանսավորումները դադարեցվեցին, այդ թվում՝ շարժասանդուղքների հարցը մնաց։ Դրանից հետո սկսվեց Արցախյան շարժումը, հետո Սպիտակի երկրաշարժը եղավ, հետո էլ ԽՍՀՄ–ը փլուզվեց, ու ոչ թե միայն մեծ շարժասանդուղքները տեղ չհասան, այլև Կասկադն անավարտ մնաց։

Ճարտարապետն ասում է՝ եթե ավարտվեր, նույն տրամաբանությամբ էր շարունակվելու՝ մինչև վերջ աստիճանահարթակներ էին լինելու․․․

«Հա ասացի՝ Կասկադ, Կասկադ, իմ խաչը դարձավ»

Այս 40 տարիների ընթացքում Ասլան Մխիթարյանը տարբեր նախագծեր է իրականացրել, բայց Կասկադը մի օր ավարտուն տեսքով տեսնելու երազանքը երբևէ մտքից դուրս չի եկել։ «Հա ասացի՝ Կասկադ, Կասկադ, իմ խաչը դարձավ»,- կատակում է ճարտարապետը։

Հեղինակային նախագծի հիմքով տարբեր ծրագրեր է ներկայացրել Երևանի իշխանություններին, սակայն սայլը տեղից շարժել չի կարողացել։

«Ամեն քաղաքապետի տարել, ցույց եմ տվել, ասել են՝ շատ լավ է, բայց հողը մեր չէ։ Հենց մերը դարձավ, մոռացան»,- նշում է Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ նախապես իր հետ որևէ մեկը չի հանդիպել, ոչինչ չի քննարկել, ֆրանսիացի ճարտարապետի ներկայացրած նախագծին էլ ծանոթացել է այն ժամանակ, երբ հանրությանն է ներկայացվել։

«Օրինակ՝ 3 հարթակներ կան այս նախագծում, բայց նախ Կասկադում արդեն մի հարթակ կա, որի վիճակը գիտենք, մեր կլիմայական պայմաններում նման 120 մետրանոց հարթակներ ավելացնել և կտրել ճարտարապետական մտահղացումը, նպատակահարմար չէ»,- ընդգծում է ճարտարապետը։

Նրա խոսքով՝ իր երիտասարդ գործընկերոջ՝ ճարտարապետ Հայկ Մկրտչյանի հետ հիմա էլ նոր նախագիծ են կազմել, որի հիմքում կրկին հեղինակային նախագիծն է։

«Նոր լինի, բայց հայերեն մնա»,- մեկնաբանում է ճարտարապետը։

Ընդգծում է՝ պետք է շատ զգույշ վարվել, որ Կասկադը չկորցնի իր նախնական արտահայտչականությունը, ու այն գաղափարը, որ ճարտարապետներն էին դրել, թե Կասկադը նման է մի գորգի, որ փռված է հուշարձանից մինչև Օպերա և Արարատ, հնարավոր լինի պահպանել։

«Մեր նպատակն է, որ չաղավաղվի այն, ինչ ունենք Կասկադ համալիրում։ Մեր կարծիքով՝ հենց այստեղ մի ծավալ ավելացավ, Կասկադը կմահանա, ինչպես մահացան Օղակաձև զբոսայգին կամ քաղաքի գլխավոր պողոտան»,- նշում է ճարտարապետը։

Նրա խոսքով՝ այս ամենից հետո իր հետ հանդիպել է GTB Holdings-ի հիմնադիր Գրիգոր Տեր-Ղազարյանը։ Նշենք, որ Կասկադ համալիրի վերակառուցման նախագծի իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող էր ճանաչվել GTB Holdings-ը (մրցույթը հայտարարվել է 2025թ հունվարի 17-ին, արդյունքներն ամփոփվել էին փետրվարի 17-ին)։

«Մերժելով և դեկտալարատիվ մոտեցումներով հարցի լուծմանը չես հասնի։ Պետք է եզրեր գտնել, որ ճգնաժամից դուրս գանք»,- ասում է նա։

Կոնկրետ պայմանավորվածություն չունեն, բայց Մխիթարյանը հույս ունի՝ միասին կկարողանան ճանապարհ անցնել, Կասկադն ավարտին հասցնել` ինչպես մտածված էր։

Իսկ ինչպես է վերակառուցվելու Կասկադը՝ ըստ քաղաքապետարանի

Փետրվարի 25-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրեց Կասկադի վերակառուցման ծրագիրը։ Նա հայտնեց, որ հայտարարված մրցույթում հաղթած ընկերությունը (GTB Holdings) պատրաստ է 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում անել «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար։ Կառուցապատման աշխատանքների արդյունքում համալիրը ստանալու է ամբողջական տեսք։ Նախագիծն ընդգրկում է շուրջ 33 հազար քառակուսի մետր կառուցապատման մակերես, կառուցվելու է համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, ժամանցի և հանգստի գոտիներ, ցուցադրությունների անցկացման սրահ և այլն։ Կառուցվելու են նաև ստորգետնյա ավտոկայանատեղի և կանաչապատ տարածքներ։ Ներդրողն առաջարկել է կանաչապատել հարակից տարածքները՝ շուրջ 40 հազար քառակուսի մետր՝ այդպես ապահովելով կապը նաև Մատենադարանի հետ։ Թևանյանի խոսքով՝ հաշվարկները ցույց են տվել, որ Կասկադի վերակառուցման մեկ քառակուսի մետրի համար ծախսվելու է շուրջ 660 հազար դրամ։

Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 5 տարվա ընթացքում, կառուցման ավարտին այն փոխանցվելու է Երևանին՝ որպես համայնքային սեփականություն։

Ներդրող ընկերությանը հնարավորություն է տրվելու Կասկադի աջակողմյան հատվածում վերակառուցման աշխատանքներին զուգահեռ իրականացնել բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարություն՝ կրկին ֆրանսիացի ճարտարապետ Վիլմոտի նախագծի համաձայն, որ ապահովվի ներդաշնակությունը Կասկադի և ընդհանուր միջավայրի հետ։

Քաղաքապետարանը նաև մի շարք իրավական երաշխիքներ է մշակել, որոնք թույլ են տալու, օրինակ, կասեցնել բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարության ընթացքը, եթե ներդրողը թույլ տա «Մշակութային հանգույցի» կառուցապատման ժամանակացույցից շեղումներ, նաև նախատեսվում է 5 միլիարդ դրամ տուգանք՝ ծրագիրը չիրականացնելու դեպքում, ինչպես նաև սահմանափակվելու է ընկերության հնարավորությունը՝ հետագա 10 տարիների ընթացքում մասնակցել համայնքային ծրագրերին։

ՀԳ1 Մենք փորձեցինք քաղաքապետարանից մեկնաբանություն ստանալ այն առնչությամբ, որ «Կասկադը հեղինակային նախագիծ է», քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ հեղինակային իրավունքի մասով մեկնաբանություն չկա։

ՀԳ2 Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել GTB Holdings-ի հետ՝ նախագծի իրականացման տրամաբանությունն ու այլ մանրամասներ հասկանալու համար, սակայն մեր հարցերն առայժմ անպատասխան են։

Մարիաննա ՓԱՅՏՅԱՆ, Sputnik Արմենիա