Նոր Նորքի թաղապետը հրաժարական տվեց

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանը սկանդալից` թաղապետարանում ակտիվիստին ծեծելուց 20 օր անց հրաժարական ներկայացրեց։ Նա այդ մասին ասաց քաղաքապետարանի գործակարգավարականի ժամանակ։

«Հանուն մանդատի ճամբարից ճամբար թռած անձիք ԱԺ ամբիոնից սկսեցին քննարկել իմ վարքագիծը։ Համոզված եմ, որ շահարկման առարկա է դառնալու նաև այն, որ ես, լինելով Նոր Նորքի վարչական ղեկավարը, խոչընդոտում են դատավարական ընթացքին։ Խոսքս ուզում են ուղղել ԱԺ–ում ծվարած որոշ մադադագողերի` 2026–ին մենք հանդիպելու ենք, և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»,–իր հրաժեշտի խոսքում ասաց նա` շնորհակալություն հայտնելով «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին (այդ կուսակցության անդամ է Տեր–Մարգարյանը) և քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Ավինյանը շնորհակալություն հայտնեց, ասաց, որ գնահատում է Տեր–Մարգարյանի որոշումը և կրկին զսպվածության կոչ արեց` նշելով, թե իրենց գործում սադրանքներ անընդհատ լինելու են։

Sputnik Արմենիա