Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի
Հայաստանը Կիպրոսին առաջարկել է համագործակցության աստիճանը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն իր հերթին դրական է արձագանքել այս առաջարկին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը հայտնեց, որ Դիմիտրիուի հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր:
«Մեր կողմից նաև առաջարկ եկավ՝ բարձրացնել մեր համագործակցության աստիճանը ռազմավարական գործընկերության մակարդակի: Եվ տիկին Դիմիտրիուն իր կողմից դրական արձագանքեց այս առաջարկին»,-ասաց Սիմոնյանը:
Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությունը նաև տարբեր միջազգային հարթակներում:
ԱԺ նախագահն ընդգծեց, որ Դիմիտրիուն Հայաստանի ամենավառ, ամենաարտահայտված ընկերներից է միջազգային հարթակներում:
«Այն միջազգային հարթակներում, որտեղ իմ գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, ինչի համար տիկին Դիմիտրիուին և մեր բարեկամ Կիպրոսին շատ շնորհակալ եմ: Հայաստանը նույնպես մշտապես Կիպրոսի և Կիպրոսի ժողովրդի կողքին է»,–վստահեցրեց Սիմոնյանը: