Արցախում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած բնակարանների ու տների վերաբերյալ տվյալներ են հավաքագրվում

Արցախ Միությամբ, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ հավաքագրում ենք տվյալներ Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդված կամ յուրացված (փաստացի զբաղեցված այլ անձանց կողմից) բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական գործընթացների համար, հայտնել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Եթե Դուք տեղեկություններ ունեք Ձեր բնակարանի (տան) հատկապես քանդման կամ յուրացման վերաբերյալ և ցանկանում եք մեկնարկել համապատասխան գործընթացներ միջազգային ատյաններում, ապա կարող եք լրացնել ստորև տրված հարցաթերթիկը:

Ներկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ Ձեր գրավոր համաձայնությամբ: Տրված տվյալների հիման վրա կապ ենք հաստատելու Ձեզ հետ՝ լրացուցիչ նյութերի հավաքագրման և հետագա քայլերի կազմակերպման նպատակով:

Այլ իրավախախտումների վերաբերյալ տվյալների զանգվածային հավաքագրումը կկազմակերպվի հաջորդ փուլերով՝ ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով մեր կարողությունների խիստ սահմանափակվածությունը:

Պետք է հաշվի առնել, որ դատական որոշումները կայացվելու են տարիներ անց: Հնարավոր որոշումները կարող են վերաբերել արցախցիների վերադարձին, գույքի պաշտպանությանը, կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրմանը և այլ առնչվող ուղղությունների:

Եթե Դուք արդեն մեկ անգամ մեզ եք տրամադրել Ձեր տվյալները, ապա այլևս կարիք չկա նորից լրացնելու այս հարցաթերթիկը», - մանրամասներ է հայտնել Բեգլարյանը։

Aysor.am