Անընդունելի է 2025թ-ին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարության մասին
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն անընդունելի է համարում 2025 թվականին ադրբեջանական կողմի դրսևորումները, հայ գերիների շինծու դատավարությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անիտա Դիմիտրիուն նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ նախագահի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու Բաքվող ընթացող շինծու դատավարության վերաբերյալ հարցին:
Նա ընդգծեց, որ այդ չափազանց զգայուն հարցի վերաբերյալ Կիպրոս դիրքորոշումը նույնն է, ինչ Հայաստանինը:
«Այսինքն՝ մենք չենք կարող համաձայնել այն ամենինը, ինչ հակադրվում է միջազգային իրավունքին, մարդու իրավունքներին: Եվ դա մեր սկզբունքային դիրքորոշումն է յուրաքանչյուր հարցի շուրջ»,-ասաց Դիմիտրիուն:
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հույս հայտնեց, որ տեղի ունեցողն իր հանգուցալուծումը կգտնի: «Իսկապես անընդունելի է, որ 2025թ մենք քննարկում ենք կամ տեսնում ենք նմանատիպ դրսևորումներ և պատկեր»,-շեշտեց նա:
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով: