ՌԴ արտգործնախարարը մայիսի 20-21-ը կայցելի Հայաստան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կժամանի Երևան: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Մոսկվան ակնկալում է, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և կողմերից յուրաքանչյուրի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխընդունելի հանգուցալուծումներ գտնելուն», - նշված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

ՌԴ ԱԳ նախարարը բանակցություններ կվարի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հուսով են, որ շփումները կզարգացնեն 2024 թվականի հոկտեմբերի 8-ին բարձր մակարդակով, ինչպես նաև Արարատ Միրզոյանի՝ հունվարի 21-ին Մոսկվա կատարած այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները։

Օրակարգում երկկողմ համագործակցության, եվրասիական ինտեգրացիոն միավորումների գծով փոխգործակցության, միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում դիրքորոշումների համակարգման հարցերի լայն շրջանակի քննարկումն է:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները առարկայական քննարկում կունենան տարածաշրջանային անվտանգության խնդիրների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացների հեռանկարների շուրջ։ Նախատեսվում է ստորագրել 2025- 2026թթ. միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագիրը», - ասված է հաղորդագրության մեջ:

Լավրովը Հայ-ռուսական համալսարանում ելույթ կունենա ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների և փորձագիտական համայնքի առջև, ինչպես նաև Ռուսական տանը կհանդիպի հայրենակիցների հետ:

Ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ կդրվեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ և ծաղկեպսակ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Sputnik Արմենիա