ԼՂ–ում Իրանի հետ վարժանքների ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Իսրայել
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իսրայելի իր պաշտոնակից Իսրայել Կացի և պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի հետ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպումը կայացել է Հասանովի` Իսրայել կատարած պաշտոնական այցի ընթացքում:
«Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն այցելել է նաև Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր օպերատիվ կենտրոն և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
Իսրայելական լրատվամիջոցներն իրենց հերթին նշում են, որ Կացը բարձր է գնահատել երկու երկրների միջև խոր ռազմավարական դաշինքը և ընդգծել ընդհանուր շահերի ու փոխվստահության կարևորությունը:
Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում ։
Հանդիպումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկջոկատայինների զորավարժությունների ֆոնին:
Sputnik Արմենիա