ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր սինդիկատի 13 անդամ

ԱՄՆ-ում ձերբակալվել է 13 մարդ, որոնք կասկածվում են հայկական կազմակերպված հանցավոր խմբավորմանը մասնակցությանմեջ։

Նրանց ներկայացվել են լուրջ մեղադրանքներ, այդ թվում՝ սպանության փորձ, մարդու առևանգում, զենքի անօրինական պահում, բանկային և էլեկտրոնային խարդախություն, ինչպես նաև ավելի քան 80 միլիոն դոլար արժողությամբ բեռների գողություն, հաղորդում է ABC News-ը։

Իրավապահները խուզարկություններ են անցկացրել Լոս Անջելեսի Սան Վելի թաղամասի Կաբեռնե Կորտում գտնվող տանը, ինչպես նաև Հարավային Կալիֆոռնիայի և Ֆլորիդայի այլ օբյեկտներում։

Լոս Անջելեսում ԱՄՆ դատախազ Բիլալ Ա. Էսայլիի գրասենյակի տվյալներով, գործողության ընթացքում ձերբակալվել է հայկական կազմակերպված հանցավոր սինդիկատի 13 անդամ։

ԱՄՆ դատախազությունը նաև հայտարարել է, որ Amazon-ից գողացվել է 83 միլիոն դոլար արժողությամբ ապրանք՝ սինդիկատի անդամների կողմից կազմակերպված բեռների գողության շրջանակներում։ Նրանք ձերբակալվել են երեքշաբթի օրը։

Լոս Անջելեսում ներքին անվտանգության ոլորտի հետաքննությունների գծով փոխտնօրենի պաշտոնակատարը գրավոր հայտարարության մեջ ասել է. «Այս անդրազգային հանցավոր կազմակերպությունը գործել է միջազգային կարտելի կառուցվածքով և դաժանությամբ՝ զգալի վնաս պատճառելով հանրային անվտանգությանը և էական վնաս հասցնելով օրինական առևտրին ու մատակարարման շղթաներին»։

Հաղորդվում է, որ իրավապահ մարմինները երեքշաբթի օրվա գործողության ընթացքում առգրավել են մոտ 100 000 դոլար կանխիկ գումար, երեք զրահապատ մեքենա և 14 միավոր հրազեն։

Կադրից դուրս հարևանները Eyewitness News-ին պատմել են, որ Սան Վելիի տան բնակիչները տեղափոխվել են այնտեղ մոտ հինգ տարի առաջ։ Նրանց վկայությամբ, տանը մշտապես ինչ-որ բան է կատարվում։

ԱՄՆ դատախազությունը և ներքին անվտանգության գծով քննիչները նշում են, որ ձերբակալված տղամարդիկ աշխատել են Սան Ֆերնանդո հովտում իրենց հանցավոր ձեռնարկության նկատմամբ վերահսկողության ընդլայնման և պահպանման ուղղությամբ։

Էսայլիի գրասենյակը հայտարարել է, որ հայկական կազմակերպված հանցավոր խմբավորումը, որը կապված է ռուսական մաֆիայի հետ, Լոս Անջելեսի շրջանը վերածել է ԱՄՆ-ում գործողությունների կենտրոնի։

2022 թվականից կազմակերպության երկու տեղացի առաջնորդներ, որոնք հայտնի են նաև որպես «հեղինակություններ», ենթադրաբար, մասնակցել են իրենց տարածքում իշխանության համար պայքարին, ինչը հանգեցրել է սպանության բազմաթիվ փորձերի և առևանգումների։

Ձերբակալվածների թվում են.

Արա Արթունի, 41 տարեկան, Փորթեր Ռանչից — մեղադրվում է ռեկետի շրջանակներում սպանության փորձի մեջ

Ռոբերտ Ամիրյան, 46 տարեկան, Հոլիվուդից — մեղադրվում է առևանգման մեջ (Արթունիի մրցակիցը)

Վահան Հարությունյան, 50 տարեկան, Հոլիվուդ, Ֆլորիդա — ձերբակալվել է Ֆորտ Լոդերդեյլում

Լևոն Առաքելյան, 45 տարեկան, Լաս Վեգասից — գտնվում է կալանքի տակ այլ գործերով

Իվան Բոհորկեզ, 33 տարեկան, Գարդենայից — նույնպես ձերբակալված է այլ մեղադրանքներով

Ըստ քննության վարկածի, Արթունին 2023 թվականի ամռանը պատվիրել է Ամիրյանի սպանության փորձը։ Ամիրյանն իր հերթին դավադրություն է կազմակերպել իր խմբավորման անդամների հետ՝ 2023 թվականի հունիսին Արթունիի զինակիցներից մեկին առևանգելու և խոշտանգելու համար։

Դատախազությունը հայտնել է նաև, որ Արթունին և նրա խումբը Amazon ընկերությունում գրանցվել են որպես փոխադրողներ, բեռնափոխադրումների պայմանագրեր են կնքել, բայց հետո շեղվել են երթուղուց և փոխադրման ընթացքում գողացել բեռները։ Բացի այդ, նրանք իրականացրել են «կրեդիտ քարտերի գողության» սխեմա, որի դեպքում վճարումներ են ձևակերպել կեղծ ընկերությունների անունով, այնուհետև դուրս են բերել միջոցները՝ նախքան ընկերությունները կկարողանային վիճարկել գանձումները։

Իրավապահ մարմինները շարունակում են այս հանցավոր ցանցի հետ կապված ևս մեկ կասկածյալի որոնումները։

ԱՄՆ դատախազությունը հայտնում է, որ մեղավոր ճանաչվելու դեպքում 13 ձերբակալվածներին սպառնում է 10 տարուց մինչև ցմահ ազատազրկում։

News.am