Եվրոպացի ֆերմերները Բրյուսելում բողոքի ակցիա են անցկացրել ԵՄ միջոցներն Ուկրաինա ուղարկելու դեմ
Եվրոպացի ֆերմերները հավաքվել են Բրյուսելում՝ բողոքելու ԵՄ-ի կողմից առաջարկվող Միասնական գյուղատնտեսական քաղաքականության (ՄԳՔ) բարեփոխումների և մի քանի բյուջետային հիմնադրամների միաձուլման դեմ, հայտնում է Euronews-ը։
Copa-Cogeca ասոցիացիայի կողմից կազմակերպված ցույցի մասնակիցները մտահոգություն են հայտնել, որ ԵՄ գյուղատնտեսական և այլ բյուջեների միավորումը միասնական ճկուն կառույցի մեջ կնվազեցնի ֆինանսական կանխատեսելիությունը և վտանգի տակ կդնի գյուղական և բնապահպանական ծրագրերի աջակցությունը։
Ֆերմերները նաև քննադատել են գյուղատնտեսական միջոցները պաշտպանությանը կամ Ուկրաինայի վերականգնմանը վերահղելու հնարավոր առաջարկները՝ նախազգուշացնելով, որ դա կարող է վտանգի տակ դնել Եվրոպայի պարենային անվտանգությունը։
Սլովակիայի գյուղատնտեսական և պարենային պալատի ղեկավար Անդրեյ Գայդոշը պնդում է, որ ԵՄ հուսալի, անկախ գյուղատնտեսական բյուջեն անհրաժեշտ է դժվարություններ կրող ֆերմերներին պաշտպանելու համար։
News.am