ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը 75 մլն դրամով առանձնատուն է գնել Ծաղկաձորում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը 2024–ին 75 մլն դրամով (մոտ 200 հազար ԱՄՆ դոլար) առանձնատուն է ձեռք բերել Ծաղկաձոր համայնքում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հիշեցնում, որ 2020 թվականին Թորոսյանը Ծաղկաձորում ձեռք էր բերել հողամաս։

«Ազգային ժողովի ամբիոնից հայհոյանքներ շաղ տվող և քովիդի ժամանակ չարաշահումների գործով անցնող ու անպատիժ մնացած Արսեն Թորոսյանը այն ՔՊ-ականներից է, որը չի սպասել ժամկետը լրանալուն (մայիսի 31-ին), և մայիսի 7-ին ներկայացրել է տարեկան հայտարարագիրը»,–գրում է թերթը։

- Արսեն Թորոսյանը շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող Tesla մակնիշի էլեկտրամոբիլ, որի շուկայական արժեքը տատանվում է 15-22 մլն դրամ և ավելիի միջակայքում։

- Հայտարարագրից պարզ է դարձել, որ պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 900 հազար դրամ, 450 եվրո, 46 դոլար։ Կանխիկ դրամական միջոցները տարեվերջին՝ տարեսկզբի համեմատ, ավելացել են 2 մլն դրամով՝ դառնալով 3 մլն դրամ։

- Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 491 հազար դրամ, որից 10 մլն 20 հազարն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից, 392 հազարը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, 2 մլն 63 հազարը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտահարկի վերադարձ է, իսկ 1 մլն 15 հազարը «Ամերիաբանկից» «այլ եկամուտ» է։

«Մինչ պատգամավոր դառնալը Թորոսյանն ուներ 1 անհատական բնակելի տուն, 2 տրանսպորտային միջոց։ 2018 թվականի պաշտոնը ստանձնելու ժամանակ նա ունեցել է 21 հազար դոլար, 15 հազար եվրո, 1 մլն 700 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 418 հազար դրամ։ Այսպիսով՝ հեղափոխական իշխանությունները, կոռուպցիան մերժելով, թաղվել են հարստության, հաջողության և ունեցվածքի մեջ»,–գրում է «Ժողովուրդը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։

Հիշեցնենք, որ մինչև պատգամավոր դառնալը Արսեն Թորսյանը 2018-2021թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար, իսկ 2021թ. հունվար-հուլիս՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:

Sputnik Արմենիա