Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման խնդիրը դեռ չի լուծվել. ի՞նչ է ասում նախարարը

Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների հետ կապված խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումները շարունակվում են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ հնարավոր է` իրավիճակը քննարկելու նպատակով կմեկնի Վրաստան։

«Մենք շատ ակտիվ քննարկումների մեջ ենք վրացական կողմի հետ, այս պահին չունենք այնպիսի իրավիճակ, որ իմ այցը ավելի կարող է իրավիճակը փոխել, քանի օնլայն քննարկումներն են»,– ասաց նա։

Պապոյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը հիմա աջակցության ծրագրեր է մշակում կոնյակագործների համար, որոնք պետք է սեպտեմբեր–հոկտեմբերին ապահովեն խաղողի անխափան մթերումները:

«Այսինքն՝ մթերում–արտահանում տրամաբանությամբ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք ներգրավված են այդ գործընթացում, կաջակցենք: Բայց պայմանը պետք է լինի խաղողի անխափան և պատշաճ որակի մթերման կազմակերպումը»,– ընդգծեց նախարարը։

Հիշեցնենք` կոնյակ արտահանողները պնդում են, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար` պնդելով, որ լաբորատոր ստուգումներ պետք է իրականացվեն հենց Վրաստանում։ Արդյունքում մարդիկ ստիպված են մի քանի շաբաթ կանգնել հայ-վրացական սահմանի անցակետի մոտ։

Sputnik Արմենիա