Պուտինը Լավրովին պարգևատրել է Սուրբ Անդրեաս Առաջինի շքանշանով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին է հանձնել Սուրբ Անդրեաս Առաջինի շքանշան։

«Ռուսաստանի գլխավոր դիվանագետ Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի տաղանդը, գիտելիքները, փորձը և ինտելեկտը նրա հանդեպ անվերապահ հարգանք են առաջացրել ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում, ինչպես մենք երբեմն ասում ենք՝ ընկերների շրջանում և այսպես կոչված աշխարհաքաղաքական հակառակորդների շրջանում։ Եվ նման ճանաչման հիմքում ընկած է նրա նվիրվածությունը Ռուսաստանին, ցանկացած իրավիճակում նրա շահերը վճռականորեն պաշտպանելու պատրաստակամությունը և հայրենիքի բարօրության համար նրա բազմամյա հսկայական, բարդ և լարված աշխատանքը», - ասել է նախագահը արարողության ժամանակ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ստանալով մրցանակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, ասել է, որ մրցանակը դիտարկում է որպես իր ողջ թիմի աշխատանքի գնահատական։

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը Ձեր ձեռքից և լսել այն խոսքերը, որոնք Դուք ասացիք։ Չեմ ուզում` իմ խոսքն ընկալվի որպես ձևականություն. ես սա սրտիս խորքից եմ ասում. Ձեր այս որոշումն ընկալում եմ որպես մեր ամբողջ թիմի աշխատանքի գնահատական արտաքին քաղաքականության ուղղությամբ Ձեր կողմից սահմանված խնդիրների իրականացման գործում», - ասել է Լավրովը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ շքանշանի շնորհումը կոգեշնչի իր բոլոր գործընկերներին շարունակել իրենց աշխատանքը։

Հավելենք, որ Լավրովին պարգևատրելու մասին հրամանագիրը ստորագրվել է մարտին։ Հրամանագրի համաձայն՝ նա պարգևատրվել է հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում ունեցած մեծ ներդրման, ինչպես նաև երկարամյա բեղմնավոր պետական ​​գործունեության համար։

Sputnik Արմենիա