ՔԿ-ից կատարված գողության դեպքով քրեական վարույթ է հարուցվել, կա ձերբակալված
Քննչական կոմիտեից կատարված գողության դեպքով քրեական վարույթ է հարուցվել, կա ձերբակալված։ Այս մասին հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Այսօր ավելի վաղ «Փաստինֆոն» գրել էր, որ նախորդ գիշեր աննախադեպ գողություն է արձանագրվել ՀՀ քննչական կոմիտեում. Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից (Դեղատան փողոց, 3-խմբ.) հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար։
«ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ»,–ասվում է կոմիտեի տարածած հայտարարության մեջ։
Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Sputnik Արմենիա