«Վնասում է գործարար միջավայրին». «Սոգլասիե-Արմենիան» հայտարարել է ապօրինությունների մասին
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ փոխկապակցված «Սոգլասիե-Արմենիա» ընկերությունը հայտարարել է Հայաստանի մի շարք պետական կառույցների կամայականությունների մասին:
Կազմակերպությունն արդեն տևական ժամանակ է, ինչ ներգրավված է նախկինում սեփականաշնորհված օբյեկտների, մասնավորապես՝ Երևանի կենտրոնում գտնվող նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի շենքի վերաբերյալ դատական վարույթներում:
Առերևույթ ապօրինի մասնավորեցման դեպքի առթիվ քրեական գործը ՀՀ դատախազության կողմից հարուցվել էր դեռևս 2023 թվականին: Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանը քաղաքացիական հայց է ներկայացրել, որի հիման վրա դատարանը սահմանափակումներ է դրել ընկերության ակտիվների վրա, այդ թվում՝ կադաստրային գործառնությունների հետ կապված: Սակայն հետագայում սահմանափակումները հանվել են, իսկ գործի վարույթը կարճվել է։
Չնայած դրան, ինչպես հայտարարում է «Սոգլասիե-Արմենիան», կադաստրի կոմիտեն շարունակում է պահպանել սահմանափակումները՝ չկատարելով ուժի մեջ մտած դատական որոշումը: Ընկերությունը կարծում է, որ նման գործողությունները լուրջ վնաս են հասցնում բիզնեսին և խանգարում են բնականոն գործունեությանը։
«Սոգլասիե-Արմենիան» կոչ է անում կադաստրի կոմիտեի իրավասու մարմիններին և ղեկավարությանը՝ ուշադրություն դարձնել իրավիճակին և ապահովել դատական ակտի կատարումը: Ընկերությունը ընդգծում է, որ այդօրինակ պրակտիկան խաթարում է Հայաստանի գործարար և իրավական միջավայրի նկատմամբ վստահությունը։
Sputnik Արմենիա