ԵԽԽՎ-ում քննադատել են Ադրբեջանին՝ թալիշ փորձագետին հայ գիտնականների հետ կապերի համար դատապարտելու առթիվ

ԵԽԽՎ քաղբանտարկյալների հարցերով գլխավոր զեկուցող Ազադե Ռոժանը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում պետական դավաճանության մեղադրանքով թալիշ պատմաբան և ազգագրագետ Իգբալ Աբիլովի դատապարտման վերաբերյալ։

«Ես խորապես մտահոգված եմ դատարանի որոշմամբ, որով Աբիլովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով պետական դավաճանության և ատելության բորբոքման մեջ։ Մեղադրանքների փաստացի հիմքը կապված է հայ գիտնականների հետ նրա մասնագիտական շփումների հետ, քանի որ Աբիլովը հետազոտություններ է անցկացրել թալիշական փոքրամասնության պատմության և մշակույթի վերաբերյալ։

Ակադեմիական ազատությունը, որը երաշխավորում է առանց սահմանափակումների հետազոտություններ անցկացնելու և գիտելիքներ տարածելու ազատությունը, պաշտպանված է կարծիքի արտահայտման ազատության իրավունքով։ Հետազոտողները պետք է պաշտպանված լինեն ցանկացած անօրինական քաղաքական միջամտությունից։ Ես Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում անհապաղ վերանայել Աբիլովի դեմ մեղադրանքները և ազատ արձակել նրան՝ բոլոր այն անձանց հետ միասին, ներառյալ իրավապաշտպաններին, լրագրողներին և գիտնականներին, որոնք գտնվում են անազատության մեջ՝ իրենց կարծիքի արտահայտման ազատության իրավունքն իրացնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։

News.am