Մինչև տարեվերջ կկառուցվի Հայաստանի ամենահարավային` Նռնաձոր գյուղ տանող նոր ճանապարհը

Մինչև տարեվերջ կկառուցվի Հայաստանի ամենահարավային` Նռնաձոր գյուղ տանող նոր ճանապարհը Սյունիքի մարզում։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ճանաչողական այցի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց, որ Շվանիձոր–Նռնաձոր ճանապարհի շինարարությունը նախատեսվում է իրականացնել երկու փուլով։ Այս փուլում խոսքը գրունտային ճանապարհի կառուցման մասին է։

«Այս ճանապարհի կառուցումը մեզ համար բացառիկ նշանակություն ունի։ Որովհետև մենք կառուցում ենք բոլորովին նոր ճանապարհ։ Ընդամենը մի քանի ամիս առաջ այստեղ լեռներ էին, և շինարարները, օգտագործելով տարբեր մեթոդներ, այդ թվում՝ կատարելով պայթեցման աշխատանքներ, կարողացան կառուցել այն հատվածը, որով մենք հասանք այստեղ», - ասաց Խուդաթյանը։

Նոր ճանապարհը կապահովի գյուղի և Մեղրիի միջև բնականոն կապը։ Ավելի ուշ նախատեսվում է ճանապարհն ասֆալտապատել։

Նախարարի խոսքով՝ ներկայիս նախագծի արժեքը կազմում է 2.5 միլիարդ դրամ: Աշխատանքները բավականին ակտիվորեն են ընթանում, և նա հույս ունի, որ շինարարը նախագիծը կհասցնի ավարտել ժամանակացույցից նույնիսկ մի փոքր շուտ։

Իր հերթին կառուցապատող «ԱՄՎ ՊԱՐՏՆԵՐ» շինարարական ընկերության ղեկավար Արմեն Մինասյանը նշեց, որ ճանապարհի երկարությունը մոտավորապես 8.5 կմ է։

«Մենք պլանավորում ենք այս աշխատանքներն ավարտել դեկտեմբերի վերջին։ Կփորձենք ժամկետների մեջ տեղավորվել։ Այս պահին աշխատում ենք ժամանակացույցի համաձայն, աշխատանքի մոտ 20-25%-ն արդեն կատարված է», - ասաց Մինասյանը։

Նշենք, որ Նռնաձոր տանող ներկայիս քարուքանդ ճանապարհը անցնում է նախկին երկաթգծի կողքով։

Sputnik Արմենիա