Վազգեն Մանուկյան․ Առանց ընդդիմության միասնության անիմաստ է անվստահություն հայտնել վարչապետին

Եթե ընդդիմադիր դաշտում չի ձևավորվել միասնական ճակատ իշխանությունների դեմ, ապա ընտրությունները և վարչապետին անվստահություն հայտնելը փակուղի են։ Այս մասին մայիսի 24-ին ասել է Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«2021թ. ընտրությունների հայտարարումը միակ փրկությունն էր իշխանությունների համար, և եթե ընդդիմությունը հայտարարեր, որ դեմ է ընտրություններին՝ պայքարը շարունակելու պատրաստակամություն հայտնելով, այսօր այլ իրավիճակ կլիներ։ Այդ ընտրություններն առանց ընդդիմության համաձայնության տեղի չէին ունենա։

Իսկ 2026թ. ընտրությունները տարբերվում են նրանով, որ դրանք ամեն դեպքում տեղի կունենան՝ անկախ մեր ցանկությունից։ Այդ ընտրություններն իշխանությունների համար կլինեն կյանքի և մահվան հարց, և նրանք կգնան մինչև վերջ, քանի որ կորցնելու բան չունեն։ Իսկ ընդդիմությունում պետք է ձևավորվի միասնական ճակատ։ Ընդ որում՝ ես միասնական թեկնածու չեմ տեսնում, որի շուրջ ողջ ժողովուրդը կմիավորվեր։ Գուցե նա ի հայտ գա ավելի ուշ, ընթացքում»,- ավելացրել է Մանուկյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը աչք է դրել Հայաստաի վրա՝ վստահություն հայտնելով, որ եթե տարածաշրջանում պատերազմ սկսվի, ապա արտաքին խաղացողները այստեղ զորքեր չեն ուղարկի։ «Նրանք հարց կտան. «Ինչո՞ւ մենք պետք է պայքարենք այն արժեքների համար, որոնց համար նրանք իրենք չեն պայքարում»։ Ուստի, անօգուտ է արտաքին հովանավորներ փնտրել։

Ներկա իշխանությունները գնացին այլ ճանապարհով՝ զիջումների։ Սակայն այդ ճանապարհը նվաստացուցիչ է և արդյունավետ չէ; Այս ընթացքում մենք կորուստներ ենք կրել և ոչ մի խաղաղություն չենք ստացել։ Փաստաթղթի ստորագրման և նոր տարածքների հանձնման դեպքում մենք ինքներս կհեշտացնենք Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու խնդիրը»,- նշել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝երրորդ ճանապարհն այն է, եթե աշխարհը տեսնի հայ ժողովրդի վճռականությունը, որը հստակ ծրագիր ունի, և այդ դեպքում լուրջ հետաքրքրություն կցուցաբերի Հայաստանի հանդեպ։

«Դա թույլ կտա կապեր ստեղծել ուժի կենտրոնների հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի, Իրանի։ Մենք պետք է հարաբերություններ ունենանք նաև Թուրքիայի հետ։ Այն ժողովուրդները, որոնք ընտրել են երրորդ ճանապարհը, հազարամյակներ ապրում են Երկրի վրա։ Սակայն նախ և առաջ անհրաժեշտ է փոխել իշխանությունը, որը մեզ տարել է կործանարար ճանապարհով։ Դա կդառնա ազդանշան աշխարհի համար, որ մենք նորից խաղի մեջ ենք։

Արցախի ժողովուրդը պետք է ինքնուրույնություն ստանա՝ անվտանգության երաշխիքով, միջազգային կենտրոնների կողմից։ Սա շատ դժվար խնդիր է, բայց դա հնարավոր է»,- ամփոփել է Մանուկյանը։

News.am