Բելառուսցի գիտնականին Ադրբեջանում 18 տարի են տվել. ինչի՞ համար

2025թ. մայիսի 20-ին Ադրբեջանում դատարանը Իղբալ Աբիլովին դատապարտել է 18 տարվա ազատազրկման պետական դավաճանության մեղադրանքով։ Գիտնականին ձերբակալել են 2024թ., երբ նա եկել էր Ադրբեջան զարմիկի հարսանիքին։

35-ամյա Իղբալ Աբիլովը մանուկ հասակից ապրում է Բելառուսում, որտեղ ավարտել է դպրոցը, ինչպես նաև Բելառուսի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը, մագիստրատուրան և ասպիրանտուրան, որտեղ էլ դասավանդում էր։

DW-ն փորձել է պարզել երիտասարդ գիտնականի՝ ծագումով թալիշցու ոչ հեշտ գործը։

Իղբալ Աբիլովը հայտնի կատակերգու Իդրակ Միրզալիզադեի զարմիկն է, որն ապրում էր Բելառուսում և ՌԴ-ում, իսկ այժմ ապրում է Լեհաստանում։ «Իղբալը ազգագրագետ գիտնական է։ Ես նրան ճանաչում եմ որպես բացառիկ բարի և սրտակից, շատ տաղանդավոր մարդու։ Նա նաև բանաստեղծություններ է գրում և կինո նկարահանում։ Մինչ Իղբալը նստած է, նրա «Pieces» կարճամետրաժ ֆիլմը ցուցադրել են Եվրոպայի տարբեր անկյուններում, կինոփառատոներում»,- գրել է Միրզալիզադեն սոցցանցերում։

Գիտնականին լավ է ճանաչում նաև քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, Բելառուսի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախկին դոցենտ Ռոզա Տուրարբեկովան։ «Մենք ծանոթացանք, երբ նա դեռ դպրոցական էր և բանաստեղծություններ էր կարդում պոեզիայի երեկույթում Մինսկում Իրանի դեսպանատանը,- պատմում է նա։- Հետո նա եկավ ինձ մոտ որպես առաջին կուրսի ուսանող, այդ ժամանակվանից ես նրա գիտական ղեկավարն եմ։ Մենք ջերմ անձնական հարաբերություններ ունենք, Իղբալը իմ ընտանիք ելումուտ ունի, նրան ճանաչում են իմ երեխաները, նա խորհուրդներ է ստացել իմ ամուսնուց որպես պատմաբան»։

Աբիլովին դատել են Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ «պետական ​​դավաճանություն», «պետության դեմ հրապարակային կոչեր՝ «օտարերկրյա կազմակերպությունների հրահանգով» (դատարանը նկատի ուներ հայկական հատուկ ծառայություններին), և «ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում»։

Իղբալ Աբիլովը ծնվել է Ադրբեջանում, նա այս երկրի քաղաքացի է և ազգությամբ թալիշ է։ Թալիշները Ադրբեջանի և Իրանի սահմանին ապրող ժողովուրդ են, նրանք ունեն իրենց մշակույթն ու պատմությունը։ Թալիշերենը իրանական լեզուների խմբից է, ոչ թե թուրքերեն, ինչպես ադրբեջաներենը։

Թալիշների համար ավելի ու ավելի է դժվարանում իրենց մշակույթը պահպանելը։ Իշխանությունները փորձում են ուծացնել նրանց. թալիշներն իրենց իրավունքների համար պայքարելու երկար պատմություն ունեն, ինչը ժամանակին ներառում էր զինված ապստամբություններ: Թալիշ ակտիվիստները ճնշումների են ենթարկվում նաև անկախ Ադրբեջանում։ Ադրբեջանի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդատվական կոմիտեն 2020թ. հայտարարել էր, որ թալիշ ժողովրդի իրավունքները սահմանափակվում են, այդ թվում՝ լեզուն ուսումնասիրելու իրավունքը։

Հայկական հետախուզության հետ կապն ապացուցվում է Իղբալ Աբիլովի շփմամբ երևանցի գիտնականի հետ, ասել է Աբիլովի փաստաբան Ֆարիզ Նամազլին։

Հայաստանի հատուկ ծառայությունների հետ գիտնականի համագործակցության մասին ապացույցներ նույնպես քննությունը չի ներկայացնում։

Աբիլովի դատավարությունն անցկացվել է դռնփակ. հարազատներին թույլ չեն տվել մասնակցել դատավճռի ընթերցմանը։ Իր վերջնական հայտարարության մեջ գիտնականը նշել է, որ չի ընդունում իր մեղքը և մեղադրանքներն անվանել է շինծու և չհիմնավորված։ Փաստաբանը մտադիր է վերաքննիչ բողոք ներկայացնել։

Հարազատներն ու փաստաբանը Աբիլովի հետապնդումը կապում են թալիշական մշակույթի վերաբերյալ նրա հետազոտությունների հետ։ Ռոզա Տուրարբեկովան համաձայն է սրա հետ. «Ադրբեջանի անվտանգության ծառայությունը հետաքրքրված էր թալիշների վերաբերյալ նրա ուսումնասիրություններով, սակայն նրան պաշտոնապես մեղադրել չէին կարող։ Գործը սարքված է։ Դռնբաց դատավարությունում տեսանելի կլիներ դատախազության և դատարանի մասնագիտական ​​անգործունակությունը»։

News.am