Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթները

ՀՀ վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևանի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Այս մասին նշված է «Հետքի» հրապարակման մեջ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այս տարվա հունվարի 23–ին դիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Երևանի ավագանու որոշման մի քանի դրույթ ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջի մասին: Նմանատիպ բողոք խմբակցությունը ներկայացրել էր նաև 2024 թվականին և դատարանը կրկին անվավեր էր ճանաչել։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել էր, որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել, քանի որ սահմանված է մեկ ամիս ժամկետ որոշումը բողոքարկելու համար, և քաղաքապետարանը դա անելու է։ Միաժամանակ, նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն, անգամ եթե դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնի։

«Այս անգամ էլ դատարանն արձանագրել է՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի համարել»,– ասված է լրատվամիջոցի հրապարակման մեջ:

Երևանի քաղաքապետարանը առարկություն է ներկայացրել դիմողի փաստարկներին` նշելով, որ Երևանում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումը և սպասարկումը իրականացվում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից, և նույն ընկերության կողմից տրված տեղեկատվության համաձայն` հաշվարկվել է, որ 1 վճարովի ավտոկայանատեղի տարեկան ծախսը կազմում է «Ա» գոտու համար 163 հազ. 251 դրամ, «Բ» գոտու համար` 64 հազ. 98 դրամ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը՝ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջը, վարչական դատարանը մերժել է:

«Փաստացի ստացվում է, որ Վարչական դատարանի որոշումներն ինքնանպատակ են և կյանքի չեն կոչվում, քանի որ Երևանի ավագանին յուրաքանչյուր տարվա համար է որոշում ավտոկայանատեղիների դրույքաչափերը: Ճիշտ է, դատարանն անվավեր է ճանաչում ավագանու որոշման դրույթները, բայց քանի որ ուժի մեջ մտնելու պահից դրանք անվավեր չի ճանաչում, իսկ քաղաքապետարանն արհեստականորեն ձգձգելու և որոշումը չկատարելու նպատակով բողոքարկում է, դատական ակտը մնում է անկատար»,– նշել է լրատվամիջոցը:

«Հետքը» հիշեցրել է, որ դատարաններում բողոքարկման գործընթացը բավականին երկար է տևում. ընթացիկ տարին ավարտվում է, և դատարանի որոշումը փաստացի արդեն կիրառելի չի լինում հաջորդ տարիների համար կամ արդեն վճարած քաղաքացիները հետագայում պետք է հայտնվեն բյուրոկրատիկ քաշքշուկների մեջ՝ իրենց վճարած գումարները հետ ստանալու փորձեր կատարելու համար:

Նույն սխեման, կարծես թե, կրկնվում է արդեն երկրորդ անգամ:

Sputnik Արմենիա