Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԳՈՒՄԱՐԻ ԴԻՄԱՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՈՂ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՆ

Գումարի դիմաց զինվորական ծառայությունը կրճատող և ծառայությունից ազատող օրենքների նախագծերը հակասահմանադրական են: Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Արման Թաթոյանը։

«Նախագծերի ընդունման հիմնավորումները ձևական են, բաղկացած են սիրողական մի քանի գնահատականից, արված չէ մասնագիտական որևէ վերլուծություն: Կոպտորեն խախտված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը: Նախագծերը խտրական են և առաջացնելու են սոցիալական մեծ անարդարություն: Ավելի են պառակտելու հասարակությունը, պառակտելու են բանակը, մարդկանց բաժանելու են խմբերի, հասարակությունում առաջ են գալու արհեստական հակասություններ, ինչն արդեն նկատելի է»,–գրել է նա:

Թաթոյանն ընդգծել է, որ հիմնավորումներում հղում է արված Հայաստանի անվտանգությանը, բայց ընդունվելու դեպքում այս օրենքներն ավելի մեծ վնաս են հասցնելու երկրի անվտանգությանը՝ ոչ միայն զինված ուժերի մարտունակության ու զինված ուժերի կազմում արդարության, այլև հասարակության պառակտման տեսանկյունից:

Նախկին ՄԻՊ–ը շեշտել է, որ չկան հիմնավորումներ, թե ինչ նպատակով ու սկզբունքներով է որոշվել փոխել պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը` 27-ից դարձնելով 37:

«Հաշվարկված և գնահատված չէ նախագծի տնտեսական, սոցիալական ու հոգեբանական ազդեցությունը երկրի վրա (27-37 տարեկանների աշխատուժի, նրանց աշխատանքի և կարիերայի, ընտանիքի ու եկամուտների հարցեր, ավելի հասուն տարիքի անձինք կարող են դժվարությամբ համակերպվել բանակային կենցաղին, ինչը կառաջացնի հոգեբանական ճնշումներ և այլն): Էլ չեմ խոսում զինված ուժերի մարտունակության մասին, այն առումով, որ այդ տարիքում «զորակոչիկները» չեն կարող ունենալ նույն հոգեբանական-ֆիզիկական պատրաստվածությունն, ինչ ավելի երիտասարդ տարիքում է»,–գրել է իրավապաշտպանը։

Նրա խոսքով` թերություններն այնքան շատ են, որ ամբողջությամբ են անթույլատրելի դարձնում օրենսդրական նախագծերի ընդունումը:

«Պարզ է դառնում, որ ՔՊ-ն շարժվում է միայն քաղաքական հաշվարկներով, պոպուլիստական առաջնահերթություններով` երկրի անվտանգության նկատմամբ առևտրի հոգեբանությամբ»,–գրել է նա:

Թաթոյանը վստահ է, որ ի վերջո, նման լուծումները բերելու են արտագաղթի նոր ալիքի:

Նշենք, որ զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։ Այն առաջարկել է ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Օրինագիծը մայիսի 22-ին ստացավ կառավարության դրական եզրակացությունը, այն առաջիկայում կներկայացվի արդեն Ազգային Ժողովի քննարկմանը։

Sputnik Արմենիա