Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները 3 փաստաթուղթ են ստորագրել
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն այսօր 3 փաստաթուղթ են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փաստաթղթերը ստորագրվել են Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնական այցի շրջանակում։
Փաստաթղթերից մեկը «Մտադրությունների մասին» հռչակագիրն էր, որը նախատեսում է երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև տարեկան քաղաքական խորհրդակցությունների անցկացում, համագործակցություն ապատեղեկատվության դեմ պայքարում և դիվանագետների վերապատրաստում:
Նախարարները ստորագրել են նաև «ՀՀ կառավարության և Ֆրանսիայի կառավարության միջև Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման և գործունեության մասին համաձայնագրում փոփոխություն անելու մասին» արձանագրությունը։
«Արձանագրության նպատակն է տարածել համաձայնագրի կիրառումը «Էքսպերտիզ ֆրանս» գործակալության վրա՝ նախատեսելով վերջինիս գործունեությունը Հայաստանի տարածքում՝ միտված տեղական իշխանությունների, կառավարությունների, պետական գերատեսչությունների կարողությունների բարձրացմանը»,– ասված է հաղորդագրության մեջ:
ԱԳՆ–ից հայտնում են նաև, որ Արարատ Միրզոյանի և Ժան–Նոել Բարոյի ներկայությամբ Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գոհար Գալյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ Business France-ի անունից, ստորագրել են Enterprise Armenia հիմնադրամի և Business France ֆրանսիական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր:
Հիշեցնենք` Բարոն այսօր է ժամանել Հայաստան։ Այցը պաշտոնական է։
Sputnik Արմենիա