Ինչպե՞ս են ՔԿ-ից կատարել 590 հազար դոլարի գողությունը. մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեից 590 000 ԱՄՆ դոլար գողանալու աղմկահարույց գործով կալանավորված 2 անձանցից մեկը Էդգար Գրիգորյանն է, որը մեկ այլ աղմկահարույց` 2020 թ. նոյեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը ՀՀ կառավարության շենք ներխուժելու ու գույքը ոչնչացնելու գործով մեղադրյալ է։ Այդ մասին տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերության տեսանյութից։ Իրավապահները Հ1–ին են տրամադրել դեպքի օրը տեսախցիկների արձանագրած տեսանյութերը, որոնց միջոցով վերականգնվել է հանցագործության թե՛ ժամանակագրությունը, թե՛ հանցավոր սխեման։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձը մայիսի 20-ին քննիչի կեղծ վկայականով մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Նա ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին (16։30-ի սահմանում) ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից Հ1–ին հայտնել են, որ գործել է հանցավոր խումբ` կազմակերպիչը եղել է ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանը, իսկ կատարողը` Էդգար Գրիգորյանը։
Պարզվում է` Գրիգորյանը երկու անգամ է ՔԿ շենք մտել` առաջին անգամ մայիսի 16–ին, 2–րդ անգամ` մայիսի 20–ին։ Նա կրել է ռետինե դիմակ, բժշկական դիմակ, ակնոց, կերպարանափոխվել է այնպես, որ քննիչի խոսքով` անգամ հարևանները չեն ճանաչել։ Տեսախցիկների մոտով անցնելիս Գրիգորյանը ձեռքով փակել է դեմքը։ Նա շենք է մտել նախապես կրկնօրինակած անցաքարտով, որը տվել է Գոռ Թադևոսյանը։ Նա նաև Գրիգորյանին է փոխանցել այն սենյակի ու պահարանի բանալիները, որտեղ պահված է եղել գումարը։ Սենյակ է մտել լուսադեմին։
Այնուհետև Գրիգորյանը գումարը բաժանել է մի քանի մասի ու տվել տարբեր անձանց` հանցանքի հետքը կորցնելու համար։ Էդգար Գրիգորյանը հայտնաբերվել է դեպքից 3 օր անց։
Հակակոռուպցիոն կոմիտեից նշել են, որ թե՛ Գոռ Թադևոսյանը, թե՛ Էդգար Գրիգորյանն ինքնախոստովանական ցուցմունք են տվել։
Հիշեցնենք` գումարի հիմնական մասը` 578․800 ԱՄՆ դոլարը, հայտնաբերվել է։ Գործով կա 2 կալանավորված` ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանն ու Էդգար Գրիգորյանը։
Sputnik Արմենիա