Անգրագետ պաշտոնյայի խոսույթ. Երուսաղեմի հայոց պատրիարքարանը դատապարտել է Փաշազադեի ելույթը

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն խոսում է ոչ թե որպես հավատքի մարդ, այլ որպես քարոզչական ռեժիմի անգրագետ պաշտոնյա՝ տարածելով իր երկրի ռեժիմի կողմից աջակցվող պատմական կեղծիքներ: Այս մասին ասվում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հայտարարության մեջ՝ կապված Փաշազադեի վերջին հայտարարությունների հետ։

Ինչպես նշվում է հայտատարության մեջ, Ադրբեջանի իշխող ռեժիմի կողմից ապատեղեկատվության արշավը նոր բարձունքների է հասել: Փաշազադեի խոսքերը նույնքան սադրիչ են, որքան անհեթեթ, ուստի մեջբերման արժանի չեն։

Պատրիարքարանն արձանագրել է, որ վերջին ամիսներին ահագնացել է ապատեղեկատվական արշավը, ինչը նպատակ ունի վերացնել հայկական մշակութային ժառանգությունը՝ այն փոխարինելով մտացածին «կովկասա-աղվանականով»:

«Հայկական եկեղեցիների և գերեզմանատների սիստեմատիկ ոչնչացումից մինչև այդ մշակույթի «ալբանական» ծագման մասին թեզիսների նպատակը պարզ է՝ հայերին վտարել սեփական հողից և լռեցնել Հայ Առաքելական Եկեղեցուն՝ միակ կազմակերպությանը, որի վրա չի կարելի ներգործություն ունենալ», - ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ Փաշազադեի ելույթները կոչված են ներկա և ապագա տարածքային և մշակութային ագրեսիայի համար ստեղծելու առիթ։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը աջակցություն է հայտնել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և բոլոր հայերին՝ դատապարտելով Փաշազադեի հայտարարությունները:

Հիշեցնենք` օրեր առաջ Փաշազադեն հայտարարել էր, որ հայկական կրոնական սրբավայրերը, նույնիսկ Սուրբ Էջմիածնի 1700-ամյա Մայր տաճարը, իբր գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում»: Անհեթեթությունների շարքը Փաշազադեն ամփոփել էր հայտարարությամբ, թե իբր Հայ առաքելական եկեղեցին սպառնում է տարածաշրջանի երկրներին։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը պատասխանել էր Բաքվի ղազիաթների խորհրդում Փաշազադեի արտահայտություններին: Մայր աթոռի հայտարարության մեջ նշվում էր, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրապարակային հայտարարություններում մշտապես արտացոլվող թշնամանքն ու կեղծիքը վկայում են, որ այդ երկիրն ինքը (եթե արտահայտվել իր իսկ խոսքերով) սպառնալիք է տարածաշրջանի հարևան երկրների համար:

Sputnik Արմենիա