Մոսկվայի անվտանգության համաժողովում Երևանի և Բաքվի միջև բանակցություններ չեն նախատեսվում

Մոսկվայում անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման ընթացքում ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ չեն նախատեսվում: «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:

«Եթե խոսքը գնում է Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան կազմով եռակողմ ֆորմալ հանդիպումների մասին, ապա ոչ, չեն նախատեսվում։ Միջոցառման ծրագիրը շատ խիտ է, այն չի ենթադրում լրացուցիչ նեղ բանակցային ձևաչափեր», — ասել է Շևցովը՝ պատասխանելով Մոսկվայում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առանձին բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին հարցին։

Նա միաժամանակ նշել է, որ և՛ ադրբեջանական, և՛ հայկական պատվիրակությունը հրավիրվել է մասնակցելու ոչ միայն լիագումար նիստերին և սեմինարներին, այլև ԱՊՀ երկրների համար ավանդական աշխատանքային նստաշրջանին։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ բարձր ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա մայիսի 27-29-ը Մոսկվայում՝ «Ռոսիա» ազգային կենտրոնի հարթակում: Մասնակցությունը հաստատել են ավելի քան 125 պատվիրակություններ Գլոբալ Հարավի և Արևելքի ավելի քան 100 երկրներից, ԱՊՀ երկրներից, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ՇՀԿ-ից և 14 միջազգային կազմակերպություններից:

Alpha News