ՄՊՀ-ն որոշել է բենզինի շուկայում նորամուծություններ մտցնել

Հայաստանում բենզինի շուկան կարգավորելու նպատակով ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջարկ է ներկայացրել ֆինանսների նախարարություն։ Այդ մասին այսօր ԱԺ–ում 2024 թ. տարեկան հաշվետվության ժամանակ հայտարարեց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Բենզինի ակցիզային հարկի փոփոխման տրամաբանություն ենք ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությանը, որը կբերի տնտեսվարողների միջև բալանսի կարգավորմանը։ Տրամաբանությունն աշխատում է հետևյալ ձև` որոշակի գումարային սահմանաչափի հասնելու պարագայում որոշ տնտեսվարողներ բենզինի վաճառքը կարող են ավելի քիչ ցույց տալ և, մեծ հաշվով, ավելի քիչ հարկ վճարել։ Եթե դուք տեսնեք բենզին ներկրողների հարկային վճարները, կտեսնեք, որ ամենամեծ ներկրողը փաստ չէ, որ ամենամեծ հարկն է մուծում կամ ամենամեծ շահութահարկն է վճարում։ Կարծում ենք, որ նոր նախագծով այս հարցը կկարգավորվի»,– նշեց Գևորգյանը։

Բացի այդ, հանձնաժողովը մեկ այլ կարգավորում է ուզում ներմուծել։ Գևորգյանի խոսքով` բենզինի վաճառքն այս շուկայում պետք է տեղի ունենա թղթային ձևակերպումներով, որպեսզի տեղափոխման ժամանակ վերահսկողություն լինի։

«Մեր պատկերացմամբ` բենզինը տեղափոխվում է որոշակի պահեստներ, իսկ այդ ընթացքում տարբեր այլ նյութեր են մեջը խառնվում, որի արդյունքում ունենում ենք ոչ մրցակցային շուկա»,– տեղեկացրեց ՄՊՀ նախագահը։

Հանձնաժողովը նախատեսում է նաև որոշ նյութերի վրա մաքսատուրք սահմանել, որպեսզի այդ ապրանքը ՀՀ–ում հնարավորություն չլինի ազատ իրացնել։

«Բանն այն է, որ այդ ապրանքը գալիս ու վերջնարդյունքում խառնվում է որակյալ բենզինի հետ և վաճառվում բենզալցակայաններում։ Բոլորդ կհիշեք, որ մի պահ նույնիսկ բենզինի գինն իջավ 250 դրամ։ Մենք արագ արձագանքեցինք, որ նման բան չի կարող լինել ու չի կարելի հավատալ այն խոսակցություններին, թե բենզինի գինը 200 դրամ է, սակայն մենք չենք թողնում, որ այն պահպանվի ու չբարձրանա։ Դա ընդամենը խայծ էր. կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք, ու այդ մարդկանց պատասխանատվության ենթարկեցինք»,– հայտարարեց Գևորգյանը։

Նրա համար ցավալի է այն, երբ ՄՊՀ–ն գործ է հարուցում, մի քանի տնտեսվարող սնանկ է ճանաչվում, մի քանիսի վրա մի քանի քրեական վարույթ է լինում, սակայն այդ արատավոր երևույթը (բենզնի մեջ այլ նյութեր խառնելը–խմբ.) չի դադարում։

Գևորգյանը նշեց, որ ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացրել այս երևույթի դեմն առնելու ինստիտուցիոնալ մեխանիզ, որը հուսով են` շատ արագ կյանքի կկոչվի։

ՄՊՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ 2024 թ. ընթացքում հակամրցակցային համաձայնություններով երեք ծանր վարույթ են ունեցել, որոնց արդյունքում ՀՀ պետբյուջե է գանձվել ավելի քան 1.78 մլրդ դրամի տուգանք։

Նրա խոսքով` վարույթները հիմնականում վերաբերել են բենզինի շուկային, որտեղ գները ժամանակ առ ժամանակ, տնտեսապես չհիմնավորված պայմաններում, իջնում և բարձրանում էին։ Հանձնաժողովն այն եզրակացության էր եկել, որ այստեղ գործել է հակամրցակցային համաձայնություններ բենզին ներկրող 4 խոշոր կազմակերպությունների միջև։

Նշենք, որ 2025 թ. ապրիլի տվյալներով` ՀՀ–ի լցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրի գինը 480-490 դրամ էր, «Պրեմիում» տեսակինը` 500-510 դրամ։ Համեմատության համար նշենք, որ բենզինի այս գները համադրելի են 2022 թ–ի հունվարյան գների հետ, երբ նավթի համաշխարհային գինը 1 բարելի դիմաց 91 դոլար էր, իսկ դոլարի փոխարժեքը այդ նույն ժամանակահատվածում, ըստ ՀՀ ԿԲ–ի արխիվային տվյալների, մոտ 482 դրամ (այսօր 1 դոլարի փոխարժեքը, ըստ ԿԲ–ի, 390.68 դրամ է):

Sputnik Արմենիա