DIA․ ՌԴ-ն մեծացնում է ազդեցությունը Վրաստանում, իսկ Հայաստանի հետ հարաբերությունները վատթարացել են

ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետախուզության գործակալությունը (DIA) հրապարակել է իր «Գլոբալ անվտանգության միջավայրի գնահատման 2025 թվականի զեկույցը», որում հիշատակվում է նաև Հայաստանը։

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարացել են անցյալ տարի, երբ Հայաստանը սպառնացել է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Նշվում է, որ Ռուսաստանը դիմել է տեղեկատվական գործողությունների, որն ուղղված է հայկական ժողովրդավարությանը և դրա ավելի արևմտամետ ղեկավարությանը վարկաբեկելուն։

«Վրաստանում Ռուսաստանը գրեթե անկասկած ձգտում է երկիրը վերադարձնել իր ազդեցության ոլորտ։ Հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններից ի վեր «Վրացական երազանք» կուսակցության գլխավորած կառավարությունը ստեղծել է պայմաններ, որոնք նպաստում են Ռուսաստանի ազդեցության ամրապնդմանը երկրում», -ասված է զեկույցում։

News.am