ՀՀ-ն նման ղեկավարների կարիք չունի. Րաֆֆի Հովհաննիսյանը` Փաշինյանի մասին
Նման մարդկանց (ՀՀ գործող իշխանությունների–խմբ.) ներկայությունը Սարդարապատի հուշահամալիրում ծաղրանք է հայ ժողովրդի ու նրա արժանապատվության նկատմամբ։ Այս մասին ասաց Հանրապետության օրվա առթիվ Սարդարապատի հուշահամալիր այցելած ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ես չէ, որ պետք է ասեմ, որ նման մարդկանց ներկայությունն այստեղ ծաղրանք է ժողովրդին ու նրա արժանապատվությանը, սակայն այն, ինչ իրենք ասում են ամենօրյա ռեժիմով` որպես ՀՀ գործող պաշտոնյաներ, դա ուղղակի թքած ունենալ է Սարդարապատի, մեր զինվորների վրա, որոնք կերտեցին այս տոնը։ Ցավում եմ դրա համար, սակայն այն բարձրագոչ խոսքերը, որոնք նրանք այստեղ ասում են, նման ղեկավարների կարիք ՀՀ–ն չունի»,– ընդգծեց նա։
Ի դեպ, ոստիկանները նրան թույլ չեն տվել բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները դեռ այնտեղ էին։
«Առաջին անգամը չէ դա, բայց մենք առանց բացառության ու առանց նախապայմանների ներկա ենք այստեղ, քանի որ գնահատում ենք այս տոնի խորհուրդը` որպես մեր պետականության հիմնակարգ։ Առանց այս ճակատամարտերի, որոնք ուղղակի պատմական չեն, այլ խիստ արդիական են, մենք չէինք ունենա անգամ այս Հայաստանի Հանրապետությունը»,– նշեց Հովհաննիսյանը։
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տոնական ուղերձում նշել է, որ «այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնաիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ», Հովհաննիսյանը դա հեգնանք ու ծաղրանք համարեց։
«Քաղաքացիական հեգնանք ու ծաղրանք է, երբ նրանք, ովքեր հանձնել են Հայաստանը` իր տարածքն ու ինքնիշխանությունը, իր ոսկե տղաներին, խոսում է այդ նույն արժեքներից։ Նրանք պատմության դասերը ոչ միայն չեն սերտել, այլև չգիտեն` ինչ է Հայոց պատմությունը, ու եթե այսպես շարունակվի, Հայոց պատմությունը ողբերգականորեն կարող է կրկնվի։ Իրենք ոչ թե ինքնիշխանություն են բերում, այլ մեր պատմության ողբերգական էջերի կրկնությունը։ Սա մեր ժողովուրդը պետք է բացառի»,– հայտարարեց ՀՀ առաջին արտգործնախարարը։
Հիշեցնենք` 1918 թվականի փետրվարին թուրքերը, օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական բանակը հեռացել էր Կովկասյան ճակատից (Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս եկավ առաջին համաշխարհային պատերազմից– խմբ.), անցան հարձակման՝ ձգտելով գրավել Արևմտյան և Արևելյան Հայաստանը։ Նրանք մտան Երզնկա, Էրզրում, Սարիղամիշ, Կարս, իսկ մայիսի 15–ին գրավեցին Ալեքսանդրապոլը (այժմ ՝ Գյումրի)։
Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Ղարաքիլիսայի ուղղությամբ, մեկ դիվիզիա էլ ձգտում էր Երևան հասնել Բաշ-Ապարանի կողմից, իսկ հակառակորդի հիմնական ուժերը հարձակում սկսեցին Սարդարապատի ուղղությամբ։ Մայիսի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում թուրքական զորքերը ջախջախվեցին։
Մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը։ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը։
Sputnik Արմենիա