Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱԶԼԱՅԹԻՆԳՈՎ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը` Աննա Հակոբյանը, զօրուգիշեր զբաղված են քաղաքական գազլայթինգով։ Այս մասին գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Գազլայթինգը հոգեբանական բռնության տեսակ է, որի ընթացքում մի կողմը որոշակի մանիպուլյացիաների միջոցով մյուս կողմին ներկայացնում է որպես «դեֆեկտավոր», թերի, ոչ լիարժեք: Փաշինյանական զույգը զբաղված է հենց սրանով՝ վիրավորանքներով («համբալ», «ոջիլ») և թերարժեքություն ներարկելով («Էստոնիայի չափ չկանք»)», - նշում է Աշոտյանը։

Ըստ նրա` փաշինյանական զույգն իշխանությունը չկորցնելու խնդիր է լուծում։ Նրանք ժողովրդի մեջ սերմանում են թերարժեքություն, կախվածություն, վախեր, օրինակ՝ «եթե Նիկոլը չլինի, պատերազմ կլինի», «զիջենք, որ չհարձակվեն», «աղքատությունը ձեր գլխում է»։

«Եթե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլն ինքն իրեն էր դնում գժի տեղ՝ բերելով պատերազմը, ապա հիմա նա փորձում է մի ամբողջ ազգից գիժ սարքել պատերազմի հետևանքները վերջնականապես հավերժացնելու համար», - գրում է Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը կոչ է անում հանրությանը դիմակայել այդ հոգեբանական ճնշմանը ակտիվ դիրքորոշմամբ։ Նա խորհուրդ է տալիս չվախենալ, շարունակել արտահայտվել, շարունակել ռեժիմից հաշվետվողականություն պահանջել, չհամակերպվել զոհի կարգավիճակի հետ և շարունակել ագրեսորին սաստելու ջանքերը։

Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Աշոտյանն այժմ տնային կալանքի տակ է։

Sputnik Արմենիա