ՀՀ-ում Իսրայելի դեսպան․ Իսրայելի պետության շահերը նաև Հայաստանի հետ են կապված
NEWS.am–ը զրուցել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնի հետ՝ հայ–իսրայելական հարաբերությունների մասին։
- Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները։ Տեսնո՞ւմ եք իրական հնարավորություն՝ խորացնելու համագործակցությունը, և ի՞նչն է խանգարում երկու երկրներին անել դա։
- Համոզված եմ, որ երկու կողմերն էլ տեսնում են այն հնարավորությունները, որոնք կան։ Մենք պետք է ավելի մեծ աշխատանք տանենք բժշկության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում ։ Դրանք այն ոլորտներն են, որտեղ կարող ենք ավելին անել։ Օրինակ՝ Հայաստանի և Իսրայելի միջև ուղիղ չվերթներ չկան, որոնք կարող են բերել հայ զբոսաշրջիկներին Իսրայել և իսրայելցի զբոսաշրջիկներին Հայաստան, և դա լավագույն ճանապարհն է՝ մեկը մյուսին ճանաչելու, միմյանց միջև կապեր հաստատելու համար։ Կարծում եմ, մեր հարաբերությունները խորացնելու ճանապարհն այն է, որ զարգացնենք այն ոլորտները, որտեղ ունենք ընդհանուր գծեր՝ հիմնվելով մեր ընդհանուր արժեքների վրա։ Դուք հրաշալի դեսպան ունեք Իսրայելում։ Մենք փորձում ենք միասին աշխատել։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ մոտ ապագայում կունենանք մեծ հաջողություններ։
- Պարոն դեսպան, մի կողմից մշտական ռիսկ կա, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի տարածք, որի մասին մի քանի օր առաջ խոսեց նաև Միացյալ նահանգների Պետքարտուղար Ռուբիոն։ Մյուս կողմից՝ Իսրայելը ռազմավարական գործընկեր է և դաշնակից Ադրբեջանի համար։ Դա չպե՞տք է անհանգստացնի Հայաստանին։
- Ես մի բան կասեմ։ Այն, որ մեկ երկրի շահերը կապված են այլ երկրների հետ, չի նշանակում, թե չի կարելի ունենալ նաև մեկ այլ երկիր որպես բարեկամ և շահերի ուղեկից։ Իսրայելի պետության շահերը նաև Հայաստանի հետ են կապված։ Մենք հետաքրքրված ենք նաև Հայաստանի հետ մեր հարաբերությունների զարգացմամբ։ Դա մեզ համար կարևոր է։ Եվ ես իսկապես հույս ունեմ, ինչպես արդեն ասացի, որ մենք կգտնենք ուղիներ՝ խորացնելու մեր հարաբերությունները, ունենալու իրական՝ ժողովուրդների միջև կապեր, քանի որ մենք երկուսս էլ հին ազգեր ենք՝ շատ ընդհանրություններով։
- Բաց աղբյուրներում կա տեղեկություն, որ Ադրբեջանը զենք է գնում մի քանի երկրներից, այդ թվում՝ Իսրայելից։ Պարբերաբար չվերթներ են իրականացվում Իսրայելի օդանավակայանից դեպի Ադրբեջան։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկատվությունը։
- Ես կօգտվեմ իմ դիվանագիտական անձեռնմխելիությունից՝ ասելու, որ չենք մեկնաբանում Իսրայելի պետական անվտանգային քաղաքականությունը։
- Կա վտանգ, որ Երուսաղեմում Հայոց պատրիարքարանի գույքը կարող է բռնագանձվել, և Հայոց պատրիարքը նամակ է գրել վարչապետ Նեթանյահուին՝ խնդրելով միջամտել խնդրի լուծման համար։
- Այս հարցը դատական պրոցեսներում է գտնվում, մենք չենք կարող միջամտել արդարադատության ընթացքին։ Հարցը գտնվում է դատական պրոցեսներում, և դրանց արդյունքում կորոշվի, թե ինչ կլինի։
- Դուք այդպե՞ս եք տեսնում լուծումը։
- Հուսով եմ, որ լուծումը կգտնվի այդ կերպ։
- Շնորհակալություն։
- Շնորհակալություն։