Պուտինը ԵԱՏՄ-ի օրվա առթիվ շնորհավորել է կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարներին շնորհավորել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օրվա կապակցությամբ: Համապատասխան տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։

ՌԴ նախագահն ընդգծել է կառույցի շրջանակում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը:

«Ընդունեք սրտանց շնորհավորանքներս։ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ. ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունը, իրականացվում է կարևորագույն ոլորտներում իրավական կարգավորման ազգային համակարգերի ներդաշնակեցում, հաջողությամբ կատարվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր», - նշել է ՌԴ նախագահը:

Պուտինը վստահություն է հայտնել, որ միության երկրները կշարունակեն զարգացնել կառուցողական բազմակողմ փոխգործակցությունը՝ ի շահ եվրասիական տարածքում բարեկեցության և կայունության ապահովման:

«Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր համաքաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում», - շնորհավորանքի վերջում հավելել է ՌԴ նախագահը:

ԵԱՏՄ–ի ստեղծման օրը նշվում է մայիսի 29-ին։ 2014 թվականի այդ օրը կառույցում ընդգրկվեցին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Ավելի ուշ միության անդամ դարձան Հայաստանն ու Ղրղզստանը։

Sputnik Արմենիա