Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածը կկառուցվի Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով

ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Եվրոպական ներդրումային բանկի հետ 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը:

Միջոցները կուղղվեն «Հյուսիս–հարավ» լայնածավալ ծրագրի մաս կազմող Սիսիան–Քաջարան ավտոմայրուղու հատվածի շինարարությանը։

Վավերացմանը կողմ քվեարկեց 67 պատգամավոր, ձեռնպահ՝ 29։

Նմանատիպ վարկային համաձայնագիր ավելի վաղ ստորագրվել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ և վերաբերում էր նույն մայրուղու մեկ այլ հատվածի: Քաջարանի և Սիսիանի միջև 60 կմ երկարությամբ ամբողջ ճանապարհի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2031 թվականը:

Այդ հատվածում նախատեսվում է կառուցել 27 կամուրջ (ընդհանուր երկարությունը՝ 4,7 կմ) և 9 թունել (ընդհանուր երկարությունը՝ 12,5 կմ): Դրանցից մեկը՝ Բարգուշատի լեռների մոտ գտնվող 8,6 կմ երկարությամբ թունելը, իրականացվում է որպես առանձին նախագիծ։

«Հյուսիս-հարավ»–ը անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր նախագծերից մեկն է։ Նոր և մասամբ վերակառուցված մայրուղին թույլ կտա իրանական սահմանից մինչև վրացական սահման ձգվող 550 կմ ճանապարհը կրճատել մինչև 460 կմ և դեպի Սև ծով ապահովել ավելի հարմարավետ ելք ոչ միայն Հայաստանի, այլև Հնդկաստանի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների համար:

Sputnik Արմենիա