ԵԱՏՄ-Ն 11 ՏԱՐԵԿԱՆ Է․ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ

ՀՀ-ում ՌԴ դեսպան Ս.Պ. Կոպիրկինը՝ ԵԱՏՄ-ի օրվա առթիվ

Մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները նշում են ԵԱՏՄ-ի օրը։ Այն դինամիկ զարգացող ինտեգրացիոն կազմակերպությունը, որը միավորում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, պատմական չափանիշներով համեմատաբար կարճ ժամանակահատվածում ապացուցել է իր արդիականությունն ու կենսունակությունը։

2014 թվականին ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրումից ի վեր ձևավորվել է ընդհանուր տնտեսական տարածք, որn ընդգրկում է գրեթե 200 միլիոն մարդ, որտեղ լիարժեք գործում են «չորս ազատությունները»՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժը։

Ներքին խոչընդոտների վերացումը, պահանջների միավորումը, տեխնիկական չափորոշիչների համաձայնեցումը, մասնագետների ազատ տեղաշարժը, այս ամենը կոնկրետ և շոշափելի օգուտ է բերում մասնակից երկրների քաղաքացիների համար։

Հատկանշական է, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի և Բելառուսի դեմ կիրառված անօրինական պատժամիջոցները չկարողացան կաթվածահար անել համագործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակում ։ Ավելին, դրանք դարձել են խթան եվրասիական ինտեգրման մեխանիզմների ամրապնդման և ներմուծումից կախվածությունը նվազեցնելու, արտադրության տեղայնացումը խթանելու և լոգիստիկ շղթաների անվտանգությունը բարելավելու միջոցառումներ իրականացնելու համար։

Կարևոր շեշտադրում է տեխնոլոգիական ինքնիշխանությունը։ ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցություն ռադիոէլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի, արդյունաբերության կարևորագույն ոլորտներում։ Որոշում է կայացվել ստեղծել Եվրասիական վերաապահովագրական ընկերություն, մշակվում է Եվրասիական վարկանիշային գործակալության հայեցակարգը։ Սրանք բոլորը նոր տնտեսական էկոհամակարգի տարրեր են, որոնք անկախ են արտաքին ճնշումից։

024 թ–ի վերջին ԵԱՏՄ-ն գրանցել է նշանակալի նվաճումներ։ Համախառն ՀՆԱ-ն աճել է 4.4%-ով՝ գերազանցելով գլոբալ աճի տեմպերը, որոնք գնահատվում են 3.3%։ Միևնույն ժամանակ, 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ–ի ՀՆԱ-ն աճել է 17.8%-ով՝ հասնելով 2.6 տրիլիոն ԱՄՆ դոլարի, արդյունաբերական արտադրությունն աճել է 29.1%-ով, իսկ գյուղատնտեսությունը՝ 25.5%-ով։

Միության ներսում փոխադարձ առևտուրը հասել է 97.7 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչն ավելի քան 2 անգամ ավել է 2015 թվականի մակարդակից։ Հատկապես կարևոր է, որ փոխադարձ հաշվարկների մոտ 90%-ն իրականացվում է մասնակից երկրների ազգային արժույթներով։ Հիմնական կապիտալում կատարված ներդրումների ծավալը հասել է 487.3 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը 40.1%-ով ավել է՝ 2015 թվականի համեմատ։

ԵԱՏՄ-ում 2023 թվականին մեկնարկած հեռանկարային նորամուծություններից է համագործակցային նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը։ Նրա սկզբունքը պարզ է. եթե նախագծին մասնակցում են Միության առնվազն երեք երկրների ձեռնարկություններ, այն ստանում է արտոնյալ ֆինանսավորում տոկոսադրույքների սուբսիդավորման և ուղղակի աջակցության միջոցով։

Տնտեսական աճը խթանելու համար լրացուցիչ գործարկվում են Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի գործիքները. դրանց համախառն պորտֆելը գերազանցում է 5 միլիարդ ԱՄՆ դոլարը, իրականացվում է ավելի քան 80 նախագիծ էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։

Միությունն ակտիվորեն ձևավորում է անկախ լոգիստիկ ճարտարապետություն։ Այս ջանքերի շրջանակում իրականացվում է «Եվրասիական ագրոէքսպրես» մասշտաբային նախագիծը, որի աշխարհագրությունն ընդգրկում է Իրանը, Թուրքմենստանը, ԱՄԷ-ն և Հնդկաստանը։

Վիճակագրական տվյալները հստակ ցույց են տալիս, որ մասնակցությունը ԵԱՏՄ-ին զգալիորեն ամրապնդում է յուրաքանչյուր անդամ պետության տնտեսությունը։ Այսպես, Հայաստանը Միության շրջանակում արտահանումն ավելացրել է 14 անգամ, Ղազախստանը՝ գրեթե 2,5 անգամ։

ԵԱՏՄ շուկան կլանում է Բելառուսի արտաքին տնտեսական շրջանառության 40%-ը։ Ղրղզստանում ԵԱՏՄ-ն ապահովում է ՀՆԱ-ի զգալի մասը, աշխատանքային միգրանտները լիարժեք սոցիալական պաշտպանություն են ստացել Միության երկրներում։ Ռուսաստանում դեպի Միության երկրներ իրականացվող ոչ հումքային արտահանումը 2015 թվականից ի վեր աճել է 70%-ով։

Եվրասիական ինտեգրումն ուղղված է ԵԱՏՄ երկրների բնակչության շահերի ապահովմանը։ Դա տեսանելի է առաջին հերթին միասնական աշխատաշուկայի գործունեության մեջ։ Մասնակից երկրների քաղաքացիները կարող են անխոչընդոտ աշխատել միության ցանկացած պետությունում՝ առանց պատենտի և հատուկ թույլտվության։

Աշխատանքի առաջին օրվանից նրանց նկատմամբ կիրառվում է ընդունող երկրի ռեզիդենտների համար սահմանված ֆիզիկական անձանց եկամտահարկի դրույքաչափը: Աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է բժշկական օգնություն։ Երեխաների համար հասանելի է դպրոցական կրթությունը։

2021 թվականից գործում է Աշխատողների կենսաթոշակային ապահովման համաձայնագիրը։ Այն թույլ է տալիս պահպանել և իրականացնել կենսաթոշակային իրավունքները՝ անկախ նրանից, թե որ երկրում է անձն աշխատում։ Ներդրվում են նաև ժամանակակից թվային լուծումներ, ինչպիսին է «Աշխատանքը ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածը։

ԵԱՏՄ-ն կարևոր դեր է խաղում գլոբալ տնտեսական համագործակցության համակարգում։ Միությունը չի ձգտում ստեղծել փակ շրջան, այլ ակտիվորեն զարգացնում է արտաքին կապերը։ Մինչև 2025 թվականը ազատ առևտրի համաձայնագրեր են ստորագրվել Վիետնամի, Իրանի, Սերբիայի և Սինգապուրի հետ, երկու ոչ արտոնյալ համաձայնագրեր է կնքվել Չինաստանի հետ։

ԱՄԷ-ի, Ինդոնեզիայի և Մոնղոլիայի հետ բանակցությունները հասել են եզրափակիչ փուլ, Եգիպտոսի հետ երկխոսություն է ընթանում։ Ավելի քան 80 հուշագիր է ստորագրվել նաև երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ։ Միությունը համագործակցություն է հաստատում նաև Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ, համակարգում է դիրքորոշումները Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ, մասնակցում է Մեծ Եվրասիական գործընկերության ձևավորմանը։

2023 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ անդամ պետություններն ընդունեցին «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագիրը, որը սահմանում է զարգացման ռազմավարությունը մինչև 2045 թ–ն: Փաստաթղթում նշված հիմնական նպատակներից են տրանսպորտային, էներգետիկ, թվային, ֆինանսական և հումանիտար ոլորտներում խորը ինտեգրմամբ՝ առանց խոչընդոտների և բացառությունների ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծումը:

2026 թվականին ԵԱՏՄ-ն կսկսի Հռչակագրի դրույթների իրականացման պլանի իրականացումը, որը սահմանում է այնպիսի հիմնական խնդիրներ, ինչպիսիք են ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը, հարկային և բյուջետային քաղաքականության համաձայնեցումը, թվային հարթակների ինտեգրումը, կրթական և գիտական ​​փոխանակումների ընդլայնումը և այլն։

Այսօր ԵԱՏՄ-ն ապացույցն է այն բանի, որ եվրասիական ինտեգրումը գործում է։ Միությունը օգուտ է բերում մարդկանց, բիզնեսին և անդամ պետություններին։ Այն հստակ ցույց է տալիս, որ վստահության, իրավահավասարության և փոխադարձ օգուտի վրա հիմնված համագործակցությունը լավագույն պատասխանն է գլոբալ մարտահրավերներին։

Շնորհավորում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ։ Վստահ եմ, որ մեր եվրասիական ինտեգրացիոն միությանը սպասվում է կերտման, աճի և նորանոր ձեռքբերումների ժամանակաշրջան։

Arka.am