Օվերչուկ․ ԵԱՏՄ-ն լավ հնարավորություն է գլոբալ հարավի շուկաներ արտահանման համար
ԵԱՏՄ երկրները լավ հնարավորություն են ստեղծել գլոբալ հարավի շուկաներ արտահանումն առաջ մղելու համար, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Աստանա» միջազգային համաժողովում:
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն պայմանավորվում է ազատ առևտրի մասին. արդեն գործում է Վիետնամի, Սերբիայի և մայիսի 15-ից՝ Իրանի հետ համաձայնագիրը, ձևավորվել է ընդհանուր շուկա, որտեղ ապրում է շուրջ 190 միլիոն մարդ:
Օվերչուկի կարծիքով՝ կարևոր է եվրասիական տրանսպորտային ցանցի շրջանակներում ստեղծել միջազգային տրանսպորտային միջանցքների զուգակցման համակարգ. նա հիշատակել է «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս - Հարավ» երկու հիմնական ուղղություններով մի շարք երթուղիների զարգացման մասին:
«Շատ հետաքրքիր և առանցքային երթուղի է, որը Իրանով և Աֆղանստանով ցամաքային կապ կապահովի մեր մայրցամաքի հյուսիսի և հարավի միջև՝ դեպի Պակիստան։ Եվ, իհարկե, մենք շատ ենք ցանկանում, որ լավ հարաբերություններ հաստատվեն Պակիստանի և Հնդկաստանի միջև, որպեսզի հնարավոր լինի ապահովել երկաթուղային տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի, Պակիստանի, Հնդկաստանի միջև։ Ի դեպ, Պակիստանի հարցով մենք համապատասխան նախապատրաստական աշխատանքներ ենք տանում»,- ասել է Օվերչուկը։
Եվրասիական տնտեսական միության օրը նշվում է մայիսի 29-ին: 2014 թվականի այս օրը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության կազմում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը։ Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարության տվյալներով՝ ԵԱՏՄ շուկան ունի ՀՆԱ-ի ավելի քան 2 տրիլիոն դոլարի համախառն ծավալ։
Այսօր Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկել է «Աստանա» միջազգային համաժողովը, որն ուղղված է գլոբալ փոփոխությունների պայմաններում միջազգային համագործակցության ամրապնդմանը՝ կենտրոնանալով տնտեսության, կլիմայի և միջպետական հարաբերությունների վրա: Համաժողովին մասնակցում են մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների և խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Համաժողովին գրանցվել է ավելի քան 7000 մասնակից: Նրանց թվում են ավելի քան 160 բանախոսներ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից:
Sputnik Արմենիա