Սուքիասյան․ «Կարմիր բլուրում» ուրարտական պատը վերականգնելու ծրագիրը կասեցված է.
Մեր օրերում, երբ որ հարևան պետությունը բացահայտ խոսում է Հայաստան և մասնավորապես Երևան ադրբեջանցիների հնարավոր վերադարձի, Երևանը ադրբեջանական քաղաք լինելու իրենց միֆերի կտրվածքով, մեզ համար շատ ուշագրավ է տեսնել, թե Երևանի ծագման, Երևանի ծննդյան վկայական համարվող տեղավայրերը, հնավայրերը ի՞նչ վիճակում են գտնվում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 29–ին, «Կարմիր բլուր» հնավայրում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Մենք սկսել ենք շրջայցը Կարմիր բլուրից և մեր ունեցած նախնական տեղեկությունները այս պահին հաստատվում են. բացի այն, որ Էրեբունի–Երևան թանգարանը, որը ունի այս երեք վայրը՝ Կարմիր բլուր, Շենգավիթ և Էրեբունի թանգարան, ավելի քան մեկ տարի է չունի տնօրեն, Երևանի այդ այցեքարտը հանդիսացող թանգարանի հետագա ճակատագրի հետ կապված կան լրջագույն անհանգստացնող դրվագներ։ Մասնավորապես ուրարտական պատը վերականգնելու նպատակ հետապնդող այս աղյուսները, որոնք արտադրվել են հենց այդ նպատակով, այս պահին բարձիթողի վիճակում են, ծրագիրը կասեցված է։ Հովանավորությունը եղել է ֆրանսիական կողմից, շուրջ 200 հազար եվրո դրամաշնորհի շրջանակներում, Գրենոբլի հողի ճարտարապետության ուսումնասիրության ինստիտուտի կողմից։ Այդ ծրագիրը կասեցված է, ուրարտական պատի վերականգնումը, ռեստավրացիան հարվածի տակ է, և նաև մասնագետները մեզ ասեցին, որ եթե աղյուսները հաջողությամբ իրենց նպատակին ծառայեին, դա նաև հիմք էր հանդիսանալու, որ այդ արտադրությունը նաև տար այն նյութը, որով հնարավոր կլիներ Դվին մայրաքաղաքը վերականգնել։ Այսինքն նաև դա է կասկածի տակ։
Այստեղ մենք ֆիքսեցինք, որ աղյուսները շատ անմխիթար վիճակում են, սրանք ժամանակ անց այլևս անպիտան են լինելու և արդեն իսկ արված ծախսն է ջուրը ընկնելու։ Առհասարակ Կարմիր բլուր հնավայրի ճակատագիրն է լինելու անորոշ»,–ասաց նա՝ հավելելով, որ ավագանու առաջիկա նիստի ժամանակ այդ հարցերը բարձրացնելու են և լուծում են պահանջելու։
Մանուկ Սուքիասյնը համոզմունք հայտնեց, որ այստեղ նաև ենթատեքստ կա, Ուրարտուի հետ հայկական առնչությունները հերքելու հստակ ուղեգիծ կա. «Մասնավորապես պատմության յոթերորդ դասարանի դասագրքում Հայաստան, հայեր չի հիշատակվում Ուրարտուի հետ կապված։ Ողջամիտ ենթադրություն է առաջանում, որ այս ծրագրի կասեցումը սերտորեն շաղկապված է դրա հետ։ Այս ահազանգի հնչեցումը նպատակ ունի կասեցնել, թույլ չտալ, որ մեր պատմությունը վերաշարադրվի, վերանայվի և հարևան պետության, պետական քաղաքականության հետ ինչ-որ սինխրոն ձևով չգնա։
Առհասարակ, Երևան քաղաքը ցանկացած զբոսաշրջիկի իր ծագման վերաբերյալ պատմամշակութային ցուցադրություն պետք է ունենա։ Մենք նաև ունենք տեղեկատվություն, որ Երևունի թանգարանում էլ մշտական ցուցադրություն այս պահին չկա։ Մենք այսօր նաև այնտեղ ենք լինելու և փորձելու ենք հասկանալ իրականությունը ինչ է կատարվում»,– ընդգծեց նա։
News.am