Աջապահյան․ Եկեղեցին կա, գործում է` «արմատուրով», թե առանց դրա, իսկ ո՞ւր է իշխանությունը
Եկեղեցին կա, իր ծառայությունը մատուցում է` «արմատուրով», թե առանց «արմատուրի», «մետլախով», թե առանց «մետլախի»։ Իսկ իշխանությունն ինչո՞վ է զբաղված: Այսպես արձագանքեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե հայաստանյան եկեղեցիներում հակասանիտարական վիճակ է։
Նշենք, որ մայիսի 29-ի կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր, թե եկեղեցիներն այսօր «չուլանացված են», իսկ ժողովրդին կոչել էր «արտասուրբ»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում թեմի առաջնորդը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի գործը չէ, թե ինչ է դրված եկեղեցում։ Եթե անգամ որոշ եկեղեցիներում ստիպված են լինում անհրաժեշտ իրեր պահել, ապա դա իշխանությունների մեղքով է` ինչպես ներկա, այնպես էլ նախկին։
«Թող վերադարձնեն եկեղեցու հողերը, շինությունները, վերադարձնեն հնարավորությունները, որպեսզի եկեղեցին` որպես շենք, ազատ մնա այդպիսի բաներից։ Եթե եկեղեցին եկեղեցու շենքից բացի որևէ այլ կից կառույցի չի տիրապետում, որտե՞ղ պետք է դնի այդ «արմատուրան», «մետլախը» կամ եսիմինչը»,– նկատեց Աջապահյանը։ Իսկ այդպիսիք պետությունը կա՛մ պետք է հատկացնի, կա՛մ վերադարձնի նախկինում եկեղեցուց վերցրածը։
Աջապահյանի խոսքով` հարցի շուրջ իշխանության հետ ո՛չ բանավոր, ո՛չ էլ գրավոր շփումներ չեն եղել, եկեղեցի–իշխանություն կապ էլ արքեպիսկոպոսն ընդհանրապես չի տեսնում։
«Ո՞ւր է իշխանություն, որ եկեղեցու հետ էլ կապ լինի։ Եկեղեցին կա, իր ծառայությունը մատուցում է` արմատուրով, թե առանց արմատուրի, մետլախով, թե առանց մետլախի։ Իսկ իշխանությունն ինչով է զբաղված, այդ էլ դուք կիմանաք, ես ի՞նչ իմանամ։ Ես իշխանություն չեմ տեսնում»,– մեր հարցին այսպես արձագանքեց Շիրակի թեմի առաջնորդը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 44-օրյա պատերազմից հետո հրաժարվել էր հանդիպել Նիկոլ Փաշինյանին։
2020-ի դեկտեմբերի 7-ին բարձրաստիճան հոգևորական հրաժարվել էր մասնակցել 1988–ի ավերիչ երկրաշարժի 32–րդ տարելիցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած հոգեհանգստի կարգին, որին ներկա էր լինելու նաև ՀՀ վարչապետը։