Ընտրությունն այժմ Ուկրաինային Է. Նեբենզյան ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացրել է ՌԴ դիրքորոշումը

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ այժմ Ուկրաինան պիտի ընտրություն անի՝ խաղաղություն բանակցությունների արդյունքո՞ւմ, թե՞ անխուսափելի պարտություն մարտի դաշտում՝ հակամարտության ավարտի այլ պայմաններով:

«Քանի դեռ Կիևում փորձելու են ձգձգել պատերազմը և սադրել Ռուսաստանին՝ հարվածներ հասցնելով մեր տարածքում բնակելի և քաղաքացիական ենթակառուցվածքներին, մենք կշարունակենք մեր ռազմական հատուկ գործողությունը և կոչնչացնենք այն օբյեկտները, որոնք կապված են Կիևի ռեժիմի ռազմական ներուժի հետ։ Եվ ոչ մի նոր հակառուսական պատժամիջոցներ, Ուկրաինային մատակարարվող զենք և Ռուսաստանի նկատմամբ թշնամական այլ քայլեր չեն կանխի Զելենսկու ռեժիմի անխուսափելի ռազմական պարտությունը», – ասել է ռուս դիվանագետը Անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրվել է Արևմուտքի երկրների նախաձեռնությամբ։

Նեբենզյան նշել է, որ ԱՄՆ ներկայիս իշխանությունները վերջապես սկսել են տեսնել Վլադիմիր Զելենսկու ռեժիմի իրական դեմքը և ուկրաինական հակամարտության հիմնական պատճառները, սակայն Կիևը և նրա հանցակիցները ցանկանում են խաբել և ապակողմնորոշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ԱՄՆ–ին ամեն գնով վերադարձնել հակառուսական և ռուսատյաց դիրքորոշումների:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել Ուկրաինայի հետ լուրջ ուղիղ բանակցային գործընթացը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և նրա ռուսատյաց համախոհների դրդմամբ ընդհատվել էր 2022 թվականի ապրիլին։

Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ Մոսկվան և Կիևը կպատրաստեն փաստաթղթեր, որոնք կներկայացնեն կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը կայուն կարգավորման հասնելու համար։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին հայտնեց, որ պատրաստ են Ստամբուլում պատվիրակությունների մակարդակով նոր հանդիպում անցկացնել նաև հունիսի 2-ին:

Sputnik Արմենիա