Հայաստանում արևային կայանների և փոքր ՀԷԿ-երի սակագները մինչև 2026-ը գրեթե չեն փոխվի

Հայաստանում արևային կայանների և փոքր ՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի սակագները մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը գործնականում չեն փոխվի. տատանումները մեկ տոկոսից էլ պակաս կլինեն:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (կարգավորում է էլեկտրաէներգիայի, ջրի, գազի և հեռահաղորդակցության շուկաները) այսօրվա որոշմամբ հաստատել է 3 հողմային էլեկտրակայանների, ինչպես նաև 61 արևային կայանների և 111 փոքր ՀԷԿ-երի սակագները:

Որոշումը ոչ բոլոր կայաններին է վերաբերում, քանի որ դրանց մի մասը էլեկտրաէներգիան վաճառում են շուկայական պայմաններով։ Այդուհանդերձ, ֆիքսված սակագներով առայժմ աշխատում են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի փոքր օբյեկտների կեսից ավելին (չհաշված խոշոր արևային կայանները և ՀԷԿ-երը):

Ընդհանուր առմամբ սակագները կնվազեն 1%-ի սահմաններում (0,66%-1,03%-ի միջակայքում)։ Մասնավորապես, գետերի վրա տեղակայված փոքր ՀԷԿ-երի համար սակագինը կնվազի 0,66%-ով և կկազմի 23,3 դրամ կամ 6 ցենտ (առանձին սակագներ են նախատեսված ոռոգման ջրանցքների և խմելու խողովակաշարերի վրա ՀԷԿ-երի համար, սակայն դրանք ՀՀ-ում քիչ են):

Հողմային էլեկտրակայանների համար սակագինը նույնպես կնվազի 0,66 տոկոսով՝ հասնելով մոտ 41,9 դրամի (10,8 ցենտ)։

Արևային էլեկտրակայանների համար սակագինը նվազել է հետևյալ կերպ. մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ցանցին միացված կայանների համար սակագինը կնվազի ճիշտ այնպես, ինչպես հողմակայանների համար: Մինչև 2022 թվականի նոյեմբերը միացված արևային կայանների համար սակագինը կնվազի 1,03%-ով՝ հասնելով մոտ 20,5 դրամի (5,3 ցենտ)։ 2022 թվականից հետո միացված կայանների համար սակագինը կնվազի էլի 1,03 տոկոսով՝ հասնելով մոտ 16,5 դրամի (4,2 ցենտ)։

Նշենք, որ Հայաստանում արևային կայանների և փոքր ՀԷԿ-երի առայժմ ոչ մեծամասնությունը, բայց արդեն բավականին մասն է անցել էլեկտրաէներգիայի շուկայական վաճառքի՝ կամ կամավոր, կամ օրենսդրությամբ: Մասնավորապես, այդ կայանների համար գործում է ֆիքսված սակագնով էլցանցին երաշխավորված վաճառելու ժամանակահատված (փոքր ՀԷԿ-երի համար՝ 15 տարի, արևային կայանների համար՝ 20 տարի)։

Բազմաթիվ փոքր ՀԷԿ-երի համար այդ ժամկետն արդեն ավարտվել է, քանի որ դրանց կառուցման բումը 10-15 տարի առաջ էր, ինչից հետո նրանց համար ազատ տեղեր քիչ են մնացել։ Արևային կայանների համար այդ ժամկետը դեռ չի լրացել, քանի որ դրանց զանգվածային կառուցումը միայն վերջին տարիներին է սկսվել։

Հավելենք, որ ընդհանուր առմամբ Հայաստանում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ արևային, հողմային և հիդրոէլեկտրակայանների (փոքր և խոշոր) մասնաբաժինը 2024 թվականին կազմել է 30%-ից մի փոքր ավելի։

Sputnik Արմենիա