«Մուրացան» հիվանդանոցում թոռան մահից հետո տատիկը հարձակվել է բժշկուհու վրա
Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցում 1.7-ամյա երեխայի մահվանից հետո նրա տատիկը հարձակվել է բժշկուհու վրա, գրում է Shamshyan.com-ը։
Երեխայի տատիկը հարվածների է ենթարկվել բժշկուհուն, նրան քաշել մազերից ու գցել գետնին։ Բժշկուհին կատարվածի վերաբերյալ արդեն դիմել է ոստիկանության Էրեբունու բաժին։
«Մուրացան» հիվանդանոցային համալիրն իր հերթին ներկայացրել է դեպքի մանրամասները։ Ըստ հաղորդագրության՝ մայիսի 28-ին, ծայրահեղ ծանր՝ հիպովոլեմիկ շոկով վիճակում, հիվանդանոց է տեղափոխվել 2023 թ․ նոյեմբերի 27-ին ծնված տղա։ Երեխան ունեցել է փսխումներ, ընդհանուր թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարումներ։ Սրտի կանգ է գրանցվել, արձանագրվել է երեխայի մահը։
Հիվանդանոցը նաև հայտնել է, որ երեխան մի քանի անգամ նախկինում ևս բուժում է ստացել «Մուրացան»-ում, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքում։ Ներկայիս միջամտությունները, ըստ հաստատության, կատարվել են ըստ բժշկական ցուցումների, իսկ դեղորայքային ներարկումները եղել են անհրաժեշտ և սահմանված չափաքանակով։
Երեխայի հարազատները պահանջել են դիահերձմանը մասնակցություն և պատշաճ քննություն։
Իր հերթին ՀՀ առողջապահության նախարարությունը ցավակցություն է հայտնել, միևնույն ժամանակ խիստ դատապարտել է բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնության կիրառումը:
Երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Sputnik Արմենիա