ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ. Ի՞ՆՉԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կհասցնի՞ Փաշինյանը մինչև նոր աշխարհակարգի հաստատումը
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Ընդամենը հինգ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը մեծարում էր հայկական բանակի զինվորականներին՝ Ադրբեջանի հետ հուլիսյան բախումներից հետո և հայտարարում, որ հենց հայկական բանակի շնորհիվ ոչ ոք չի կարող Հայաստանին պարտադրել իր կամքը։ Հինգ տարի անց՝ Արցախի կորստից, հայկական բանակի ողնաշարը ջարդելուց հետո, Փաշինյանը պնդում է, որ այսօր մենք ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։
Ավելին՝ սեփական գործողություններն արդարացնելու համար Փաշինյանը հայտարարում է, թե պատմական Հայաստանը մեզ ուղարկում է կարևոր մեսիջ՝ «Մի՛ գնացեք իմ ճանապարհով», «Մի՛ կրկնեք ինձ»։ Այլ կերպ ասած՝ նա կոչ է անում չդիմադրել Թուրքիայի և Ադրբեջանի ճնշմանը։
Սարդարապատում՝ Հանրապետության տոնի առիթով, Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն երկկողմ խորհրդակցություններ են վարում խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները համաձայնեցնելու վերաբերյալ, ինչպես նաև ընդգծեց, որ ակտիվ երկխոսություն է ընթանում Թուրքիայի հետ։ Շատերին կարող է թվալ, որ խոսքը իսկապես Ադրբեջանի հետ բազային «խաղաղության պայմանագրի», ինչպես նաև Թուրքիայի հետ սահմանը բացելու հնարավորության մասին է։ Սակայն Բաքուն բազմիցս հայտարարել է, որ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխման և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման՝ «խաղաղության պայմանագրի» մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ուրեմն ինչի՞ մասին է խոսում Փաշինյանը։
Շատերը մոռանում են, որ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դեռ գործում է, քանի որ այն ստորագրվել էր հինգ տարվա ժամկետով։ Այն պարզապես փաստաթղթի վրա արձանագրեց արդեն իսկ «գետնի վրա» գոյություն ունեցող իրողությունը։ Սակայն 2020թ. նոյեմբերի 9-ից հետո շատ բան է փոխվել։ Արցախը հանձնվել է Ադրբեջանին, այնտեղ գրեթե չեն մնացել հայեր, Հայաստանի որոշ տարածքներ օկուպացված են ադրբեջանական զորքերի կողմից, ՀՀ-ն սառեցրել կամ ըստ էության դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակում են վատթարանալ, ռուս սահմանապահների մասով փոփոխություններ են տեղի ունեցել, Հայաստանը ընդունել է ԵՄ անդամակցության մասին օրենքը՝ հստակեցնելով իր արտաքին քաղաքականությունը։
Նոր, «գետնի վրա» ձևավորված իրավիճակը պետք է արձանագրվի նոր փաստաթղթում, որը կգա փոխարինելու 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Երևանն ու Բաքուն կարող են ստորագրել նմանատիպ համաձայնագիր, սակայն այս անգամ արդեն Թուրքիայի հովանու ներքո։
Իր վերջին հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Եթե անգամ փաստաթուղթը (Բաքվի հետ-խմբ.) ստորագրեն, այն խաղաղության մասին չի լինի, այլ հենց Փաշինյանի»։
Այս «Փաշինյանի մասին փաստաթուղթը» կարող է լինել այն համաձայնագիրը, որը կփոխարինի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Այն չի լինի խաղաղության պայմանագիր, այլ ավելի շուտ Բաքվի և Երևանի՝ «խաղաղության հասնելու մտադրությունների մասին փաստաթուղթ», որի երաշխավորը կարող է լինել Անկարան՝ որպես Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի միջնորդ։
Սարդարապատի ելույթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է։ Եվ հարցը ոչ միայն Ռուսաստանի նախագահի վարչակազմում տեղի ունեցող կադրային փոփոխություններն են կամ Հայաստանի ներսում քաղաքական պայքարի ակտիվացումը, այլ այն, որ աշխարհաքաղաքական նոր բաժանումը մոտ է։ Բաժանում, որի մասին մենք խոսում ենք արդեն երկու տարուց ավելի և որի մասին այսօր գրել է նույնիսկ «The New York Times»-ը, նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է պատրաստել Ռուսաստանի և Չինաստանի հետ ազդեցության գոտիների վերաբերյալ մեծ գործարք։
Ակնհայտ է, որ Հայաստանը նման գործարքի պարագայում չի հայտնվի ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ նույնիսկ Թուրքիայի ազդեցության գոտում, այդ պատճառով էլ Փաշինյանը շտապում է ավարտել ամեն ինչ «նոր Յալթայից» առաջ։
Մտածե՛ք այդ մասին․․․»։