Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱԽՃԱՆԸ ԿԼԻՆԻ, ԵԹԵ 300 000 ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԲՆԱԿԵՑՎԵՆ ԱՅՍՏԵՂ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տևական դադարից հետո, Ալիևը նորից սկսել է խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին, նկատի ունենալով Հայաստանը: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, այդ պահանջներից մեկն էլ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձն է Հայաստան, որը Ալիևը ներկայացնում է որպես պատմական ադրբեջանական հող: Նա բազմիցս հայտարարել է, որ Երևանը պետք է հստակ ասի, թե ե՞րբ և ի՞նչ պայմաններով են «արևմտյան ադրբեջանցիները» վերադառնալու:
Ի՞նչ կլինի, եթե Բաքուն հասնի այդ նպատակին և 300 000 ադրբեջանցիներ բնակեցվեն Հայաստանում: Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանի հետ: Նրա կարծիքով՝ 300 000 ադրբեջանցիների բնակեցումը մեր երկրում, նշանակում է Հայաստանի վախճանը:
«Իշխանությունն ասե՞լ է, թե որ գյուղերն են դատարկվելու, որպեսզի 300 000 ադրբեջանցիները բնակեցվեն, այդ գյուղացիներին ասվե՞լ է, թե ովքեր են դուրս գալու իրենց տներից և ինչպե՞ս են ապահովելու, որ ադրբեջանցիներն ու հայերը չբախվեն միմյանց հետ: Ասենք՝ ադրբեջանցիները եկան այստեղ, դրանից հետո որքա՞ն ժամանակ կանցնի, մինչև նրանք սկսեն գույքի հարցեր բարձրացնել, վեճեր, բախումներ կսկսվեն, հետո կսկսեն հիշել պատերազմում իրենց կորուստները, վրեժխնդրության կոչեր կսկսեն, հետո բախումներ կլինեն:
Մենք ո՞նց եք այդ գյուղերով անցնելու, եթե այնտեղ ադրբեջանցիներ են ապրելու, քանի՞ րոպե կանցնի, մինչև մեկը քար կգցի մեքենայի վրա, կամ կհիշի, որ մենք իբր զավթել էինք Ադրբեջանի տարածքը: Դրանից հետո Ադրբեջանը շատ արագ կասի՝ քանի որ Հայաստանն ի վիճակի չէ ապահովել այս մարդկանց անվտանգությունը, մենք ստիպված ենք մեր ուժերը տեղակայել Հայաստանում: Եվ Թուրքիայի ու Ադրբեջանի բանակը կմտնի Սյունիք, դրանից հետո կսկսի հայերի փախուստը, իսկ հետո ամբողջ Հայաստանը կդատարկվի, կհայտարարվի ինքնավարություն, կասեն, որ ստիպված են պաշտպանել այդ տարածքը, հնարավոր է նաև, որ պահանջեն ներկայացվածություն խորհրդարանում: Սա լինելու է Հայաստանի վախճանը»,- ասաց Արթուր Խաչիկյանը:
Արթուր Խաչիկյանն անդրադարձել է նաև Հայաստանում ֆաշիզմի քարոզչությանը, հակառուսական և հակասովետական հայտարարություններին: Քաղաքագետը կարծում է, որ այսկերպ Փաշինյանը կատարում է Արևմուտքի և Թուրքիայի հրահանգները: