Պաշտպան․ Դատաբժշկական փորձաքննությունն ապացուցել է Լևոն Քոչարյանի մարմնական վնասվածքները
Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ Լևոն Քոչարյանի մարմնական վնասվածքները պատճառվել են բութ առարկաների ուղղակի ներգործությամբ կամ հարվածվելու կամ համահարվածվելու հետևանքով, ինչպիսին կարող էր լինել նաև բռունցքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Միևնույն ժամանակ փորձագետը հստակ ֆիքսել է, որ Լևոն Քոչարյանի մարմնական վնասվածքների առաջացումը սեփական հասակի կամ դրան մոտ բարձրությունից վայր ընկնելու հետևանքով հնարավոր չէ»,- գրել է Ալեքսանյանը։
Պաշտպանը վստահ է՝ այս եզրակացությունը և նաև մինչ այս ձեռք բերված ապացույցները, այդ թվում՝ բազմաթիվ ցուցմունքներ, տեսագրություններ, բավարար են ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Նա արդեն միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով հանրային քրեական հետապնդում հարուցել ոստիկանների նկատմամբ։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա կալանավորվել է։
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն մասով, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, այնինչ նույն օրը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահները այնպես են հարվածել նրան, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ նոյեմբերի 6–ին Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ, ապա ազատ արձակվեց կալանավայրից։
Sputnik Արմենիա