Հարցված ռուսաստանցիների ավելի քան 80%-ը վստահում է Պուտինին. մանրամասներ

Ռուսաստանցիների մեծամասնությունը (80,2%) վստահում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հարցված ՌԴ քաղաքացիների 77,4%-ը հավանություն է տալիս նրա գործունեությանը: Այս մասին գրում էՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ/ ВЦИОМ) վերլուծական բաժնի իրականացրած հարցման արդյունքները։

Ամեն 10 հարցվածից 8-ը (80,2%) հայտարարել են, որ վստահում են Պուտինին, պետության ղեկավարին, անվստահություն է հայտնել հարցվածների 16,1%-ը: Բացի այդ, ՌԴ քաղաքացիների 77,4 տոկոսը հավանություն է տալիս նախագահի պաշտոնում նրա գործունեությանը, հավանություն չի տալիս 14,8 տոկոսը:

Ռուսաստանի կառավարության գործունեությանը հավանություն է տալիս ռուսաստանցիների 52,6%-ը, հավանություն չի տվել հարցվածների 18,7%-ը: Ընդ որում, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին վստահում է հարցվածների 61,6%-ը, 19,4%-ն ասել է, որ չի վստահում նրան:

Այն հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե Պետդումայի ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ռուսաստանցիների 34,3%-ը նշել է «Միասնական Ռուսաստանը» (Единая Россия), 11,5%-ը՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ЛДПР), 10%-ը՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը (КПРФ), 6,5%-ը՝ «Նոր մարդիկ» (Новые люди) կուսակցությունը, 4,2%-ը՝ «Արդար Ռուսաստան - հայրենասերներ - հանուն ճշմարտության» (Справедливая Россия - Патриоты - За правду) կուսակցությունը: Հարցված ռուսաստանցիների 9,9%-ը արտախորհրդարանական կուսակցություններ են նշել։

«ВЦИОМ-Спутник»-ի նախաձեռնողական հարցումն անցկացվել է 2025 թվականի մայիսի 19-25-ը 18 տարեկանից բարձր 1,6 հազար ռուսաստանցիների շրջանում։ Հարցման մեթոդը հեռախոսային հարցազրույցն է եղել՝ բջջային համարների պատահական ընտրությամբ: 95% հավանականությամբ սխալի առավելագույն չափը չի գերազանցում 1%-ը:

Sputnik Արմենիա